«Երևանյան բեսթսելեր». «Մարգարտե ականջօղով աղջիկը» առաջատար. թարգմանական. սեպտեմբեր, 2025

10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է սեպտեմբերի վաճառքների հիման վրա: 

Թրեյսի Շևալյեի «Մարգարտե ականջօղով աղջիկը» առաջին տեղում է։ «Մարգարտե ականջօղով աղջիկը» վեպը միայն մի դիմանկարի պատմություն չէ. այն պատմություն է նկարչի և նրա մուսայի մասին, նաև սիրո պատմություն է, որը ծավալվում է Հոլանդիայի Դելֆտ քաղաքում հեռավոր տասնյոթերորդ դարում։ Պատմական վեպը գրելու համար հեղինակը մանրակրկիտ ուսումնասիրել է նյութը, ինչի շնորհիվ ընթերցողը միանգամից ընկղմվում է վայրի և դարի մթնոլորտի մեջ։

Մայք Օմերի «Մարդասպանի վերադարձը» երկրորդ տեղում է։ Արյան ծարավը խելագարեցնում է, մոլորեցնում, ստիպում դուրս գալ որսի: Իսկ ի՞նչ, եթե արյան ծարավով տարված մեկը հանդիպի սերիական մարդասպանի, որը նույնպես ունի ծարավ… որսի ծարավ։ Չիկագոյի փոքրիկ եկեղեցիներից մեկի հովվի աղջիկը հայտնաբերվում է սպանված։ Մարդասպանը գործել է նախապես ծրագրված կերպով, պլանավորել է սպանությունը, բայց թույլ տվել սխալներ: Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ-ի գործակալ Թեյթում Գրեյը նորից դեպքի վայրում են և նրանք անում են  իրենց սեփական որսը՝ վերջապես գտնելու Զոիի անցյալից եկող սարսափելի ուրվականին՝ Ռոդ Գլովեր անունով սերիական մարդասպանին։ Զոի Բենթլիի և Թեյթում Գրեյի հետաքննության մասին այս վերջին գիրքը  իսկական էմոցիոնալ ճոճանակ է, որը թույլ չի տա ընթերցողին գեթ մեկ րոպե կտրվել ընթերցանությունից։

Մարկ Արենի «Շերլոք Հոլմսի նոր արկածները» երրորդ տեղում է։ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գիրքը Մարկ Արենի ուրույն պատմությունն է հայտնի հետախույզի ու նրա լավ բարեկամ դոկտոր Վաթսոնի մասին: Գիրքն աջաջին իսկ տողերից գրավում է ընթերցողին իր ինտրիգներով, փաստերի՝ առերևույթ իրար չառանչվող հետաքրքիր համադրություններով ու Շերլոք Հոլմսի՝ անհասկանալի խնդիրներին տրված պարզ լուծումներով, և որ ամենահետաքրքիրն է՝ անցյալ-ներկա-ապագա, Արմորիկա-Արմենիա, բրիտանացի-հայ տարված զուգահեռներով...

Չորրորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Քրիս Յուանի «Աղջկա որսը» հինգերորդ տեղում է։ Մեն կղզու լեգենդար մոտոցիկլավարի որդին՝ Ռոբը վթարի է ենթարկվում։ Հիվանդանոցում ամեն ինչ ներկայացվում է որպես դժբախտ պատահար, բայց, իրականում, տղան, իր կամքից անկախ ներքաշվել է մութ պատմության մեջ։ Ռոբը կարող էր հարցեր չտալ և մնալով հիվանդանոցում՝ ապաքինվել, բայց նա որոշում է գնալ վթարի հետքերով՝ վտանգելով կյանքը՝ և արդյունքում նաև բացահայտելով դառը ճշմարտությունը, որը թաքցնում էր իր ընտանիքը։

Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» վեցերորդ տեղում է։ «Դա Վինչիի ծածկագիրը» Դեն Բրաունի վիպաշարի երրորդ վեպն է։ Այս անգամ ևս խորհրդանշանագետ հերոսը իր մասնագիտական ողջ ներուժը ներդնելու է՝ բացահայտելու Լուվրի խնամակալներից մեկի արտասովոր սպանությունը։ Վեպում, սյուժեի զարգացմանը զուգընթաց, ընթերցողը անընդհատ կտեղափոխվի անցյալ՝ ծանոթանալով Քրիստոսի կյանքի որոշ դրվագների և Դա Վինչիի ստեղծագործությունների՝ հեղինակի առաջարկած մեկնաբանմանը։

Քրիս Յուանի «Տան որսը» յոթերորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում: Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ:

Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի» ութերորդ տեղում է։  Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...

Ալեքս Մայքլիդիսի «Ցասում»-ն իններորդ տեղում է։ Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:

Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել: 

Յու Նեսբյոյի «Ձնեմարդը» տասներորդ տեղում է։ Քիչ է ասել, թե սկանդինավյան դետեկտիվն իր ուրույն տեղն է զբաղեցնում ժանրի բազմատեսակության մեջ. դետեկտիվ վեպն սկզբնավորվել է հենց Սկանդինավիայում, ավելի ստույգ՝ Նորվեգիայում՝ Մորից Քրիստոֆեր Հանսենի «Ինժեներ Ռոլֆսենի սպանությունը» (1839) վեպով, և հետագայում էլ նորվեգական գրականությունը ժանրին մոռացված ու հանրահայտ բազմաթիվ այլ հեղինակներ է տվել, որոնցից ամենահռչակավորը ողջ աշխարհում Յու Նեսբյոն է՝ տագնապի աճող մթնոլորտով ու սարսափի տարրով, սյուժեի լարված զարգացմամբ ու հոգեբանական ներթափանցումներով հատկանշվող բազմաթիվ քրեավեպերի հեղինակ, որոնց մեջ ամենահանրահայտը՝ «Ձնեմարդը» (2007) թարգմանվել է մի քանի տասնյակ լեզվով ու վաճառվել մի քանի տասնյակ միլիոն տպաքանակով, արժանացել Նորվեգիայի գրավաճառների և ընթերցողների մրցանակներին և 2017 թ. էկրանացվել շվեդ ռեժիսոր Թոմաս Ալֆրեդսոնի կողմից: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ու նրա մերձակայքում կանայք են անհետանում: Հարի Հոլեն՝ Օսլոյի ոստիկանության՝ ալկոհոլային կախվածությունից տառապող, բայց սուր հոտառությամբ օժտված ու սրամիտ հետաքննիչը համոզված է, որ այդ անհետացումների միջև օրինաչափություն է պետք հայտնաբերել: Ի՞նչ ընդհանրություններ ունեն այդ կանայք: Պատահականություն է արդյո՞ք, որ դեպքի վայրում միշտ ձնեմարդ է կանգնած լինում: Ինչու՞ է սովորական ձնեմարդը տեսնողին սոսկանք ներշնչում։ «Ձնեմարդը» տագնապալի լարվածության մեջ է մեզ պահում, իսկ տպավորիչ կասկածյալների իսկական պատկերասրահն վեպի ընթերցանությունը դարձնում է անմոռանալի։

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1նոր

Թրեյսի Շևալյե,

«Մարգարտե ականջօղով աղջիկը» 

Զանգակ145 
2-1

Մայք Օմեր,

«Մարդասպանի վերադարձը» 

Դավինչի136 
3նոր

Մարկ Արեն,

«Շերլոք Հոլմսի նոր արկածները»

Բուկինիստ125
4+1

Էլիզաբեթ Գիլբերթ,

«Ուտել, աղոթել, սիրել» 

Զանգակ86
5- 3

Քրիս Յուան,

«Աղջկա որսը»

Դավինչի85 
6-3

Դեն Բրաուն,

«Դա Վինչիի ծածկագիրը» 

Զանգակ77 
7*

Քրիս Յուան,

«Տան որսը»  

Դավինչի70 
8-4

Տոշիկազու Կավագուչի,

«Նախքան սուրճը կսառի» 

Դավինչի70 
9*

Ալեքս Մայքլիդիս,

«Ցասում»  

Newmag48
10*

Յու Նեսբյո,

«Ձնեմարդը» 

Զանգակ46

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն Русский