Գեղարքունիքի մարզը ֆրանսիական կողմի հետ կհամագործակցի գյուղատնտեսության ոլորտում
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզը ֆրանսիական կողմի հետ մինչ այժմ իրականացված կրթական, առողջապահական, մշակութային, զբոսաշրջային ծրագրերի կողքին ավելացնում է նաև գյուղատնտեսական ոլորտի ուղղությամբ մեկնարկող համագործակցային ծրագրերը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Օվեռն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի և Իզերի Գյուղատնտեսական պալատի փորձագետներին՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակում։
Գյուղատնտեսական ոլորտի ֆրանսիացի փորձագետներ Վալերի Մորիե-Ժենուն և Թոմաս Հուվերը 6-օրյա աշխատանքային այցով մարզ են ժամանել՝ ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները և կիսվելու իրենց փորձով։
Հանդիպման ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ այցի և կառուցողական ներգրավվածության համար՝ կարևորելով միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Քննարկումների ընթացքում կողմերը նախանշել են հնարավոր կոնկրետ ծրագրեր ու նախաձեռնություններ՝ ուղղված մարզում գյուղատնտեսության կայուն և ժամանակակից զարգացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ֆերմերների ներուժի բացահայտմանն ու նրանց մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև ֆերմերային կրթության նոր ձևաչափերի ներդրմանը։
«Առաջիկա օրերին ֆրանսիացի մասնագետները կհանդիպեն Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների ֆերմերների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում գնահատելու կարիքները և համագործակցության հնարավոր ուղղությունները։ Նրանք նաև կիրականացնեն վերապատրաստումներ՝ համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը շարունակաբար աշխատում է՝ խթանելու մարզի գյուղատնտեսական ներուժը, զարգացնելու համատեղ նախաձեռնություններ և ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք կբերեն ժամանակակից, արդյունավետ ու կայուն գյուղատնտեսության ձևավորմանը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։