Մոսկվան և Դամասկոսը Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության թեման քննարկում են փակ ռեժիմով
1 րոպեի ընթերցում

Մոսկվան և Դամասկոսը փակ ռեժիմով շարունակում են քննարկել Սիրիայում Ռուսաստանի հետագա ներկայության և այնտեղ ռուսական ռազմական օբյեկտների ձևաչափը փոխելու հարցը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հոկտեմբերի 15-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սիրիայի հետ մեր երկկողմ օրակարգն ընդգրկում է ռուս-սիրիական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ. քննարկվում է նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում մեր ռազմական ներկայության հարցը, այդ թվում՝ ռուսական ռազմական օբյեկտների գործառնության ձևաչափի հնարավոր վերափոխման համատեքստում», - ասել է Զախարովան։
«Բնականաբար, նման հարցերն ու շփումներն անցկացվում են փակ ռեժիմով», - ընդգծել է նա։
Հիշեցնելով, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն այս հարցում պրոֆիլային գերատեսչություն է, Զախարովան նշել է, որ «երկխոսությունը, այդ թվում՝ երկու երկրների ռազմական գերատեսչությունների գծով, շարունակվում է»։