Մերձավոր Արևելք

Գազայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները ներկայացրել են հրադադարից հետո տիրող իրավիճակը

3 րոպեի ընթերցում

Գազայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները ներկայացրել են հրադադարից հետո տիրող իրավիճակը

Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո հայտնաբերվել է ավելի քան 250 զոհված պաղեստինցու աճյուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Մենք բախվում ենք ավերակների մաքրման համար ծանր տեխնիկայի լուրջ պակասի հետ։ Մենք չունենք ավերակների տակ մնացած մարդկանց աճյունները հանելու միջոցներ։ Պայթուցիկ նյութերը զգալի սպառնալիք են ներկայացնում մարդկանց կյանքի համար», - նշվում է քաղաքացիական պաշտպանության ծառայության հայտարարության մեջ։

Գազայի քաղաքապետը հայտարարել է, որ իսրայելական ուժերը ոչնչացրել են Գազայի հատվածում բեռնատարների և ծանր տեխնիկայի մոտ 95%-ը։

«Մեզ անհրաժեշտ է առնվազն 100 000 տոննա ցեմենտ՝ ջրհորները, ջրամատակարարման և կոյուղու ցանցերը պահպանելու համար», - նշել է նա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է, որ

Գազայի հատվածից ավելի քան 15 600 հիվանդի անհրաժեշտ է շտապ բժշկական տարհանում։

«Մենք պետք է ուժեղացնենք հիվանդությունների հսկողությունը Գազայի հատվածում։ Անհրաժեշտ է վերաբացել բժշկական միջանցքները Գազայի հատվածից», - նշվում է ԱՀԿ հայտարարության մեջ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է արել հակամարտող կողմերին և միջնորդներին ապահովել հրադադարի համաձայնագրի պատշաճ իրականացումը և Գազայի հատվածում զոհվածների աճյունների վերադարձն իրենց ընտանիքներին։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Ժակո Սիլիերսը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ տարբեր երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, ինչպես նաև արաբական և եվրոպական պետություններից կան խոստումնալից նախնանշաններ այն մասին, որ նրանք պատրաստակամ են մասնակցելու Գազայի վերականգնման՝ 70 միլիարդ դոլարի հասնող ծախսերին։

«Մենք արդեն շատ լավ նշաններ ունենք», - ասել Սիլիերսն՝ առանց մանրամասներ հաղորդելու։ 

Նա գնահատել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ երկամյա պատերազմն առաջացրել է առնվազն 55 միլիոն տոննա ավերակ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սևծովյան Ռիզեի նահանգում նոր օբյեկտների և նախագծերի բացման արարողության ժամանակ նշել է, որ Թուրքիան արել է և կշարունակի անել ամեն ինչ՝ Գազայում «հնարավորինս շուտ» խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը վերականգնելու համար։

«Իսրայելը լավ գիտի, որ բարձր գին կվճարի, եթե Գազայի հատվածում ցեղասպանությունը վերսկսվի։ Գազայի վերակառուցումը չափազանց կարևոր է, և մենք կանենք ամեն ինչ՝ մինչև ձմռան գալը բնակչության կարիքները բավարարելու համար», - ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում