Քաղաքականություն

Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունները նոր թափ են ստացել. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունները նոր թափ են ստացել. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի հարաբերությունները վերջին շրջանում նոր թափ են ստացել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: 

«Բարձր ենք գնահատում այն ինստիտուցիոնալ աջակցությունը, որ Ֆինլանդիան ցուցաբերում է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, դիմակայունության ավելացմանը: Սրա դրսևորումն է Ֆինլանդիայի մասնակցությունը «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնությանը, բայց սրանով Ֆինլանդիայի մասնակցությունը չի սահմանափակվում: Մենք ունենք համագործակցության շատ լայն շրջանակ և պատրաստակամությունը, որը տեսնում ենք պաշտոնական Հելսինկիից, մշտապես մեզ ոգևորում է»,- ասաց Միրզոյանը: 

Արտգործնախարարը նշեց՝ առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստան-Նորդիկ-Բալթիկ երկրներ ձևաչափը:

«Մենք վստահ ենք՝ և՛ սովորելու բան ունենք շատ, և՛ քաղելու բան ունենք այս ձևաչափից: Նորդիկ-Բալթիկ երկրները հայտնի են իրենց կայացած ժողովրդավարություններով, և, իհարկե, հույս ունենք, որ մեր ներդրումը կունենանք, որը, գուցե, կարևոր կլինի նաև մեր Նորդիկ-Բալթիկ գործընկերների համար»,- նշեց նախարարը: 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հավելեց՝ գործընկերոջ հետ անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այս համատեքստում Միրզոյանը հիշեցրեց, որ Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում, 2026թ. մայիսին: 

Ասուլիսի ընթացքում Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին հրավիրեց Հայաստան այցելել նաև որպես Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում