Սպորտ

Գավառի մարզադպրոցի սան Արտյոմ Մուխսյանը պարածանրամարտի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել

2 րոպեի ընթերցում

Գավառի մարզադպրոցի սան Արտյոմ Մուխսյանը պարածանրամարտի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի սան Արտյոմ Մուխսյանը օրերս Եգիպտոսում կայացած պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ է նվաճել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայքնապետարանի աշխատակազմից, պարածանրամարտի աշխարհի առաջնությանն Արտյոմ Մուխսյանը հանդես է եկել 65 կգ քաշային կարգում և ձգում պառկած դիրքով վարժությամբ՝ բարձրացրած քաշի և մոտեցումների հանրագումարի արդյունքում նվաճել արծաթե մեդալ։ Մրցաշարին մասնակցել է վեց տասնյակից ավելի երկիր։ 

Միջազգային մրցասպարեզում սա Արտյոմ Մուխսյանի երկրորդ ձեռքբերումն է․ այս տարվա մայիսին Վրաստանի Թբիլիսի քաղաքում նա մասնակցել է աշխարհի գավաթի 2025 թվականի առաջնությանը և ոսկե մեդալակիր դարձել։ Մարզիկի հաջողությունների գործում մեծ ներդրում ունեն մարզիչ Ժորա Հովհաննիսյանը, ընտանիքի անդամները, բոլոր այն մարդիկ, ովքեր աջակցում և ոգևորում են։

«Մենք շատ հպարտ ենք, որ մեր որդին հաղթանակներ է տանում միջազգային հարթակներում, բարձր է պահում իր ծննդավայրի անունն ու պատիվը։ Միաժամանակ մեր երախտագիտությունն ենք հայտնում նրա մարզչին, նաև՝ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին՝ ցուցաբերած բարոյական ու նյութական խրախուսանքների համար»,-նշել է Արտյոմի հայրը՝ Դավիթ Մուխսյանը։

«Առկա ձեռքբերումներով, սակայն, Արտյոմը չի պատրաստվում սահմանափակվել: Մարզիչ Ժորա Հովհաննիսյանի հետ նա շարունակելու է պարապմունքները՝ պարածանրամարտում հաջողությունները բազմապատկելու նպատակով»,-հավաստեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։ 

Գավառի համայնքապետարանում և Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում շուքով են դիմավորել միջազգային հարթակում արծաթե մեդալ նվաճած Արտյոմ Մուխսյանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում