Հայտնի է ԲՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2025թ. դափնեկիր Վինսենթ Ռոշին մրցանակի հանձնման միջոցառումների ծրագիրը
3 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2025թ․ դափնեկիր, Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին մրցանակի հանձնման միջոցառումների ծրագիրը։
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր իրենց գործունեությամբ նշանակալի և հեղափոխական ներդրում են ունեցել ոլորտի զարգացման գործում։ Այս մրցանակաբաշխությամբ Հայաստանը ևս մեկ անգամ ընդգծվում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառումների շրջանակում Վինսենթ Ռոշը հանդես կգա մամուլի ասուլիսով, Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կհաջորդի Վինսենթ Ռոշի դասախոսությունը։ Նախագահական նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիսավոր կերպով Վինսենթ Ռոշին կհանձնի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը։ Վինսենթ Ռոշը կայցելի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ նրան կշնորհվի բուհի պատվավոր դոկտորի կոչում, հանդիպում կունենա նաև Հայաստանի վեց բուհերի ուսանողների հետ, ինչպես նաև կլինի «Սինոփսիս Արմենիա»-ի գիտահետազոտական (R&D) կենտրոնում և Ուսումնական դեպարտամենտում։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերով Վինսենթ Ռոշը կհյուրընկալվի Ինժեներական քաղաքում։
«Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ վարչապետի կողմից հաստատված մրցանակաբաշխության կոմիտեի կողմից։ Այն բաղկացած է Գործադիր խորհրդից և Միջազգային ընտրող հանձնաժողովից։
Գործադիր խորհուրդը թեկնածուների առաջադրման հրավեր է ուղարկում, ստանում հավակնորդների դիմումները և ընտրող հանձնաժողովին ներկայացնում նրանց անունները՝ վերջնական ընտրություն կատարելու համար, ինչպես նաև կազմակերպում է ծրագրի իրագործման համար անհրաժեշտ միջոցառումները»,- հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։