Մշակույթ

Գորգագործության 16 եզակի նմուշ բացառիկ ցուցադրությամբ ներկայացված են Գյումրիում

3 րոպեի ընթերցում

Գորգագործության 16 եզակի նմուշ բացառիկ ցուցադրությամբ ներկայացված են Գյումրիում

Գորգագործության 16 եզակի նմուշ բացառիկ ցուցադրությամբ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներկայացված է Գյումրիում՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի ցուցասրահներից մեկում՝ «Գորգերը՝ պատմության լուռ վկաներ» խորագրով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցահանդեսում ներկայացված են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի գորգեր ու կարպետներ։ Ամենահին նմուշը թվագրվում է 1853 թվականով։

2340f338-e01c-4c92-a8f8-c2b53357d579.jpg

Նախաձեռնությունը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանինն է, իրականացվում է Շիրակի երկրագիտական թանգարանի և «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են 16 գորգ և կարպետ, որոնցից 9-ը Շիրակի երկրագիտական թանգարանի հավաքածուից են, 6-ը՝ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանից, իսկ մեկը՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի ֆոնդից։

Շիրակի երկրագիտական թանգարանի 9 գորգերից 8-ը ցուցադրվում են առաջին անգամ, իսկ մեկ գորգ ցուցադրվել է դեռևս 1960–70-ական թվականներին։

Շիրակը պատմական Հայաստանի գորգագործական և կարպետագործական կենտրոնների թվում կարևոր տեղ է գրավում։ Հայտնի է, որ այս տարածաշրջանում գորգագործությունն արդեն Բագրատունիների ժամանակաշրջանում հասել էր զարգացման բարձր մակարդակի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Բազեյանը նշեց, որ Կարինի, Վանանդի և Բասենի տարածաշրջանները աչքի էին ընկնում գորգագործության կենտրոններով։ Նրանց բնակիչները, արտագաղթելով և հաստատվելով Շիրակում, շարունակել են ստեղծագործել՝ պահպանելով իրենց նախնիների ավանդույթները։ Գործելու ժամանակ տան երիտասարդ կանայք հավաքվում էին ճոլքի մոտ և հետևում, թե ինչպես են գործում վարպետները, այդպես էլ սովորելով արհեստը, որն էլ փոխանցվում էր սերնդից սերունդ։

136864d4-7655-445a-a03e-88a9d99fe18f.jpg

«Անշուշտ, այս ցուցադրությունը գորգագործության և կարպետագործության այն մեծ հարստության մի մասն է, որն այսօր պահպանվում է թանգարաններում։ Թանգարանների հավաքածուները շատ ավելի մեծ են, սակայն կարևոր է, որ ներկայացված է տիպականը, բնորոշն ու առանձնահատուկը։ Շիրակի գորգն ու կարպետն ունի իր յուրահատկությունը՝ զարդանախշերի և գունային լուծումների մեջ։ Եթե գորգերին բնորոշ են երկրաչափական զարդանախշերն ու նշանախշերը, ապա կարպետներին՝ մանրանախշերը, թեև վերջիններիս մեջ նույնպես հանդիպում են երկրաչափական պատկերներ։ Սիրված և ընդունված է եղել «Մեմլինգ» գորգատեսակը, որի գլխավոր հարդարանքը մեդալյոնն է։ Շիրակում գերադասվել է երկերես կարպետը, թեև ունենք նաև շուլալ կարպետներ, իսկ մինչև ութսունականները գործում էին նաև ջեջիմներ»,- նշեց Կարինե Բազեյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում