Օդի որակի ցուցանիշը 14։00-ի դրությամբ գտնվում է չափավոր միջակայքում. Ավինյան
2 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ 14։00-ի դրությամբ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով Երևանում օդի աղտոտվածության խնդրի համատեքստում:
«Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։ Միևնույն ժամանակ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել»,-գրել է Ավինյան:
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացրել են, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի պատճառով Երևանի կենտրոնում ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ: Քաղաքապետը հայտնել էր, որ մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է:
Տիգրան Ավինյանը նաև հայտարարել է, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն է, այլ դիտավորություն, ինչի շուրջ ինքը զրուցել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ։