Հայաստանը գտնվում է տարածաշրջանում ՏՏ ոլորտի զարգացման առաջնագծում. «ԴիջիԹեք-2025»-ը միավորել է ՀՀ և արտերկրի մասնագետներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանն այսօր գտնվում է տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման առաջնագծում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ԴիջիԹեք 2025» տեխնոլոգիական համաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:
«Ես հիշում եմ այն օրերը, երբ եղբորս հետ հիմնադրել էի իմ առաջին ընկերությունը՝ 1999 թվականին, մենք այդ ընկերությունով մասնակցեցինք «ԴիջիԹեք»-ին, երբ այն ստեղծվեց: Ես հիշում եմ այդ օրերը, երբ պարզապես երազանք էր, որ «ԴիջիԹեք»-ը մի օր կմիավորի բոլոր հյուրերին՝ միջազգային և մեր տարածաշրջանից: Այն չի լինի միայն հարթակ, որտեղ հայկական IT ընկերությունները կցուցադրեն իրենց արտադրանքը, կլինի հարթակ, որտեղ կունենանք ներկայացվածություն նաև միջազգային ասպարեզից ու կխոսենք ոչ միայն մեր հաջողությունների, այլև տեխնոլոգիական ապագայի մասին»,- ասաց Եսայանը:
Ալեքսանդր Եսայանը նշեց՝ գնահատելով 25 տարվա աշխատանքը, պետք է չբավարարվել եղածով, այլ շարժվել առաջ, քանի որ արհեստական բանականության զարգացմանը զուգահեռ, ամեն օր փոփոխվում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: