Հայաստանում և Իրանում համատեղ գործարաններ հիմնելու ուղղությամբ նախապատրաստական ակտիվ աշխատանք է ընթանում

6 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու, համատեղ արտադրական ձեռնարկություններ և գործարաններ բացելու վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով այս պահին ընթանում է նախապատրաստական ակտիվ աշխատանք, ճշգրտվում են այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը: 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ անդրադառնալով Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբակի հայտարարությանն այն մասին, որ  Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են համատեղ արտադրական ձեռնարկություններ ու գործարաններ բացել ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում։  

«Հայաստանի Հանրապետության հետ մեր երկիրը ունի շատ լավ հարաբերություններ։ Երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային համագործակցության ծավալներն աստիճանաբար աճում են։ Վերջերս նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մեր այցի ընթացքում քննարկել ենք համագործակցության բոլոր ոլորտները՝ արտադրություն, առևտուր, ապրանքների մատակարարում և հանածոների մշակում։ Խոսվել է նաև փոխադարձ ներդրումների, արտադրական նախագծերի իրականացման և շուկաներում իրացման հնարավորությունների ընդլայնման մասին։ Ունենք պայմանավորվածություն համատեղ արտադրական ձեռնարկություններ և գործարաններ բացելու վերաբերյալ ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում»,- սեպտեմբերի 24-ին Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան նշել էր Մոհամադ Աթաբակը։  

Տնտեսություն

Հայաստանն ու Իրանը համատեղ արտադրական ձեռնարկություններ ու գործարաններ բացելու պայմանավորվածություն ունեն

Ի՞նչ արտադրական ձեռնարկություններ և գործարաններ է նախատեսվում բացել, որտե՞ղ և ի՞նչ ժամկետներում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցադրմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են. 

«Իրանցի նախարարի բարձրացրած հարցերի շրջանակում կողմերը կարևորել են աշխատանքային խմբերի ձևավորման անհրաժեշտությունը՝ համագործակցությունն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրագործումը ապահովելու նպատակով: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին փոխանցել է բոլոր անհրաժեշտ տվյալները՝ գործընթացը գործնական փուլ տեղափոխելու համար և սպասում է իրանական կողմի արձագանքին:  

Ինչ վերաբերում է համատեղ արտադրական ձեռնարկությունների և գործարանների հիմնադրմանը, ապա քննարկվող ոլորտները բազմազան են: Տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել տարբեր ճյուղերում իրականացվող ներդրումային նախաձեռնություններին»:

Գերատեսչությունից հայտնեցին նաև, որ ծրագրերի մանրամասներն ու գործարկման ժամկետները կճշգրտվեն առաջիկա երկկողմ քննարկումների ընթացքում, այս փուլում իրականացվում է նախապատրաստական ակտիվ աշխատանք:

Նախարարության տրամադրած մեկնաբանությունում նշվում է նաև, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական համագործակցությունը վերջին տարիներին գտնվում է կայուն զարգացման փուլում՝ արձանագրելով աճի բարձր տեմպեր: 2025 թվականի օգոստոսին ոլորտային գերատեսչությունների միջև տեղի ունեցած ակտիվ երկխոսությունը վկայում է տնտեսական համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրությունների ընդլայնման մեծ ներուժի մասին:

Արձանագրվում է, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն աստիճանաբար ընդլայնվել է՝ ընդգրկելով նոր ճյուղեր:

«Համագործակցությունը դինամիկ զարգանում է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և մի շարք այլ ոլորտներում: Հատկանշական է Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության աշխատանքներում իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը, որը հետագայում կարող է ավելի ընդլայնվել»,- նշված է մեկնաբանությունում: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում համոզված են, «Խաղաղության խաչմերուկ»-ը և TRIPP նախաձեռնությունը կարող են դառնալ տարածաշրջանային համագործակցության նոր հիմք՝ խթանելով փոխադարձ վստահությունը, ենթակառուցվածքային կապերի զարգացումն ու առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը բոլոր շահագրգիռ երկրների միջև: 

«Այս նախաձեռնությունները բացում են համագործակցության նոր հորիզոններ, որոնք իրենց հերթին ձևավորում են տնտեսական կապերի ամրապնդման, զարգացման և տարածաշրջանում իրական ու տևական խաղաղության հաստատման հուսադրող հեռանկարներ: Մենք կարևորում ենք այս հնարավորությունները, պատրաստ ենք լիարժեք օգտագործել դրանք՝ ի շահ մեր պետությունների ու ժողովուրդների բարօրության: Համոզված ենք, որ օգտագործելու ենք տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական ներուժը, այդ թվում՝ մեր բարեկամ Իրանի հետ»,- ընդգծեցին նախարարությունում՝ հավելելով, որ Իրանի աշխարհագրական դիրքը, հաղորդակցության տարածաշրջանային ցանցերին միացած լինելը և հարևան երկրների շուկաների հետ ունեցած կապերը ստեղծում են լայն հնարավորություններ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացման համար:                  

Հայերեն English Русский

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՀՀ կառավարության նիստ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում