Նոր գաղափարներ, նոր բեմադրություններ ու անսպասելի ծրագրեր. Պարոնյանի անվան թատրոնը վերադառնում է իր հիմնական առաքելությանը

9 րոպեի ընթերցում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը շարունակում է իր ստեղծագործական ճանապարհը՝ համատեղելով դասական ժառանգությունը ժամանակակից մոտեցումների հետ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանը ներկայացնում է առաջիկա ծրագրերը. նոր մոտեցումներով կբեմադրվեն մյուզիքլներ, օպերետներ, կատակերգություններ, ժամանակակից օպերա։

-Տիկի՛ն Պետրոսյան, ի՞նչ առաջնահերթություններով եք սկսել Ձեր գործունեությունը թատրոնի տնօրենի պաշտոնում: 

-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախկին տնօրինությանը կատարած աշխատանքի համար և ասել, որ շարունակելու ենք պահպանել թատրոնի հարուստ ավանդույթները, սակայն կձգտենք նոր մոտեցումներով վերադառնալ այս թատրոնի հիմնական առաքելությանը։ Սա նշանակում է, որ Պարոնյանի թատրոնը պետք է հիմնականում ներկայանա մյուզիքլներով, օպերետներով, կոմեդիաներով և հումորային բեմադրություններով։ Ուսումնասիրում ենք ժամանակակից օպերայի ժանրը, որն առայժմ բացակայում է Հայաստանի թատերական դաշտում։ Կարծում եմ՝ Պարոնյանի թատրոնը կարող է դառնալ նման ներկայացումների բեմադրման կարևոր հարթակ։ Նախատեսվում են հանրային կրթական ծրագրեր՝ հանդիսատեսին այս ժանրը ներկայացնելու և նոր հանդիսատես ներգրավելու համար: 

Նշեմ նաև, որ թատրոնն ունի փոքր բեմ, որը կոչվում է «Երվանդ Ղազանչյան» թատերասրահ, որտեղ ներկայացվում են հանդիսատեսին արդեն հայտնի և սիրված ներկայացումներ, և այս հարթակը նաև ծառայում է որպես էքսպերիմենտալ բեմ, որտեղ կարող են բեմադրվել դրամատիկական և նորարարական ստեղծագործություններ։ 

-Ի՞նչ ծրագրեր ունեք նոր ներկայացումների ուղղությամբ։

-Նոր ներկայացումների թեման շատ մանրամասն պետք է քննարկվի՝ հաշվի առնելով թե՛ թատրոնի ներուժը, թե՛ Հայաստանի ընդհանուր հնարավորությունները, թե՛ հանդիսատեսի նախասիրությունները։ Այս պահին այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ ենք տանում, ինչպես նաև աշխատում ենք թատրոնի գեղարվեստական և կատարողական անձնակազմի կարողությունների զարգացման ու ամրապնդման վրա։ Կարևոր է, որ խաղացանկում մնան սիրված ներկայացումները։ Թատերաշրջանը մեկնարկել է նախատեսվածի համաձայն՝ ծանոթ և սիրված բեմադրություններով։ Զուգահեռ պետք է մշակենք ռազմավարություն, որն ունենալու է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։ Բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն երեք մակարդակներով։  

Առաջինը՝ շենքի և տեխնիկական հագեցվածության բարելավում, որի ուղղությամբ արդեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ծրագրեր են իրականացվում, երկրորդը՝ թատրոնի գեղարվեստաստեղծագործական և կատարողական անձնակազմի հետ աշխատանքի խորացում, երրորդը՝ կառավարման համակարգի և մոդելի փոփոխություն, ինչն ավելի ժամանակատար գործընթաց է։ Այժմ ուսումնասիրում ենք միջազգային փորձը։ Դա երկարաժամկետ ծրագիր է, որի համար անհրաժեշտ է նախ թատրոնի զարգացման ռազմավարական պլանի մշակում, ապա գործողությունների ծրագրի կազմում։

-Իսկ ի՞նչ տեղ եք հատկացնում միջազգային համագործակցություններին։ 

-Նոր ներկայացումների իրականացման համար առաջնահերթ ենք համարում միջազգային համագործակցությունը՝ հրավիրելով արտերկրի բեմադրիչների, լույսի և զգեստների ձևավորողների։ Սա թույլ կտա, որ պրեմիերաներից հետո թատրոնը հանդես գա նաև արտերկրում։ Կարևոր եմ համարում նաև միջազգային փառատոններին մասնակցելու հնարավորությունների ընդլայնումը։ Այս համատեքստում նախատեսում ենք անդրադառնալ Շեքսպիրի կոմեդիաներին, որոնք կարող են միջազգային բեմահարթակներում ներկայացվելու լավ առիթ դառնալ։ Չմոռանանք նաև այլ հեղինակներին: Անպայման պետք է բեմադրվեն Պարոնյանի գործերը: Զարմանալի է, բայց խաղացանկում այս պահին դրանք բացակայում են։ 

-Ի՞նչ է ենթադրում ժամանակակից օպերան և ինչպե՞ս եք պատկերացնում դրա ներառումը թատրոնի ծրագրերում։  

-Ժամանակակից օպերան առանձին ուսումնասիրության կարիք ունի։ Ժանրը դեռևս լիարժեք ուսումնասիրված չէ և տարբերվում է թե՛ մյուզիքլից, թե՛ օպերետից, թե՛ դասական օպերայից։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում այսօր ամենահայտնի ժամանակակից օպերաներից մեկը «Մոբիդիկն» է։ Մենք պետք է խորությամբ ուսումնասիրենք այս ուղղությունը՝ հասկանալու համար, թե արդյոք հնարավո՞ր է զարգացնել սեփական ստեղծագործություններ, թե՞ համագործակցության շրջանակում բերել միջազգային փորձ։ Այս նպատակով անհրաժեշտ է ներգրավել մասնագետների և խորհրդատուների։ Չնայած այս փուլում դեռ դժվար է ասել, բայց երկարաժամկետ տեսանկյունից ժամանակակից օպերան անպայման պետք է տեղ գտնի թատրոնի ծրագրերում։ 

-Հանդիսատեսը ե՞րբ սպասի առաջնախաղի։ 

-Այս տարի նախատեսում ենք երկու առաջնախաղ։  Առաջինն Ավետիս Շահինյանի բեմադրությամբ «Անհաջող ժամադրություն» հումորային կատակերգությունն է, որը, վստահ եմ, հանդիսատեսը շատ կսիրի։ Պրեմիերաները նախատեսված են նոյեմբերի 28-ին և 29-ին, աշխատանքներն արդեն ընթանում են։ Դեկտեմբերի 20-ից մենք նախատեսում ենք Ամանորի մանկական ներկայացում։ Խոսքը «Բևեռային ճեպընթաց»-ի մասին է։ Այն բեմում կլինի դեկտեմբերի 20-ից 30-ը և 2026-ի հունվարի 2-ից 7-ը։ Երաժշտական, գունեղ, դինամիկ և բարձրորակ ներկայացում է սպասվում, որի բեմադրող ռեժիսորն է Սամսոն Մովսիսյանը։ Շատ լավ ստեղծագործական թիմ է հավաքվել, և մենք մեծ ներդրում ենք անում, որպեսզի հանդիսատեսին ներկայացնենք իսկապես որակյալ ներկայացում։

-Այլ հետաքրքիր նախաձեռնություններ նախատեսվո՞ւմ են։

-Մեր թատրոնի շենքը շատ լավ է պահպանվել։ Այն խորհրդային շրջանի ճարտարապետության և թատերական ոճի յուրահատուկ համադրություն է, որը մինչ այսօր պահպանում է իր իսկական տեսքն ու դրական մթնոլորտը։ Նախատեսում ենք կազմակերպելու թատերական շրջայցեր՝ մարդկանց հնարավորություն տալով ներսից տեսնել թատրոնի շենքը, զգալ նրա պատմական շունչը։ Այն իսկապես յուրահատուկ և գեղեցիկ է, հետաքրքիր է ինչպես երևանցիների, այնպես էլ մեր քաղաքի հյուրերի համար։ 

Իհարկե, այս ծրագիրը պահանջում է ժամանակ և մանրակրկիտ աշխատանք։ Մենք համագործակցում ենք ճարտարապետների և մասնագետների հետ՝ ուսումնասիրելու շենքի պատմությունը, ինտերիերը, լուսավորությունը, ջահերը, կահավորանքը։ Մեր նպատակն է ստեղծել խորը մշակված և պրոֆեսիոնալ շրջայցեր, որպեսզի հանդիսատեսը ոչ միայն ներկայացումներ դիտի, այլև նորովի բացահայտի մեր թատրոնի ճարտարապետական ու մշակութային արժեքը։ Ցանկանում ենք, որ թատրոնը չդիտվի միայն որպես բեմ: Թատրոնն ամբողջ շենքն է՝ իր միջավայրով։ Շուտով թատրոնում կձևավորվի ստեղծագործական խորհուրդ, որտեղ կներգրավվեն տարբեր ոլորտների մասնագետներ՝ նկարիչներ, դիզայներներ, լուսավորողներ, երաժիշտներ, որոնց հետ կքննարկենք միջոլորտային համագործակցությունների գաղափարներ՝ ցուցահանդեսներ, ինստալյացիաներ, հատուկ միջոցառումներ։ Կունենանք նաև ստեղծագործական առաջարկներ՝ տեղում որոշելով, թե ինչ նոր, թարմ ու հետաքրքիր բովանդակությամբ կարող ենք հանդես գալ։

-Ռեբրենդինգ նախատեսվո՞ւմ է թատրոնում։ 

-Թատրոնին վերջերս միացել է գլխավոր նկարիչ Աստղիկ Ստեփանյանը, որի հետ աշխատում ենք թատրոնի վիզուալ ինքնության ձևավորման վրա։ Մինչև հասնենք խորքային ռեբրենդինգի, ուզում ենք մշակել թատրոնի գունային գամման և ընդհանուր ոճը։ Այս ամենը լինելու է հղում դեպի մեր շենքի ճարտարապետությունը, գույներն ու ձևերը, որպեսզի երբ ասենք Պարոնյանի անվան թատրոն, այն ունենա հստակ ճանաչելի և ներդաշնակ ինքնություն՝ թե՛ ճարտարապետական, թե՛ գեղարվեստական, թե՛ վիզուալ առումով։

-Մարզային ծրագրերից էլ խոսենք. թատրոնը մասնակցո՞ւմ է մարզերում անցկացվող փառատոններին։ 

-Այո, մարզերում բավականին ակտիվ ենք։ Թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը շատ լավ կապեր ունի թատերական գործիչների հետ, և բոլոր այն մարզային փառատոններին, որոնք այսօր անցկացվում են, մենք անպայման մասնակցում ենք՝ իր ընտրած գեղարվեստական ծրագրերով, բայց, անշուշտ, կուզենայինք շարունակել ընդլայնել մեր մասնակցությունը և պատրաստ լինել նաև միջազգային փառատոնների համար։ Դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել՝ այսօր ինչպիսի ներկայացումներն են մրցունակ միջազգային հարթակներում։ Եթե ունենք այդպիսի ներկայացումներ, պետք է ներկայացնենք, եթե՝ ոչ, աշխատենք հենց այդ ուղղությամբ։ 

Հայերեն

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս