Մերձավոր Արևելք

Եգիպտոսում կմեկնարկեն բանակցությունները ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսում կմեկնարկեն բանակցությունները ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը՝ Գազայի հատվածի արմատականների առաջնորդ ​​Խալիլ ալ-Հեյայի գլխավորությամբ, ժամանել է Եգիպտոս՝ Իսրայելի հետ ոչ ուղիղ բանակցությունները վերսկսելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ակնկալվում է, որ քննարկումների ժամանակ խոսվելու է ոչ միայն Գազայում կրակի դադարեցման, այլև իսրայելական զորքերի դուրսբերման ու գերիների փոխանակման մասին։ 

Ավելի վաղ Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ոչ ուղիղ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա իրենց երկրի տարածքում հոկտեմբերի 6-ին։ Կողմերը ծրագրում են քննարկել խնդրի կարգավորումը՝ հիմնվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի վրա: Խորհրդակցությունների վայրը չի հայտարարվել: 

Եգիպտական պարբերականների տվյալներով՝ հանդիպումը կարող է կայանալ մայրաքաղաք Կահիրեում կամ Շարմ էլ-Շեյխում։ 

Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի՝ Գազայի հակամարտության կարգավորման ծրագիրը։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից։ Այն նախատեսում է պաղեստինյան անկլավում ժամանավոր արտաքին կառավարում մտցնել և միջազգային ուժեր տեղակայել։ Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է այս ծրագրի հետ։

Հոկտեմբերի 3-ին ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է ներկայացրել Թրամփի առաջարկին իր պատասխանը։ Շարժումը պատրաստակամություն էր հայտնել ազատ արձակել բոլոր ողջ մնացած իսրայելցի պատանդներին և հանձնել զոհվածների մարմինները։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում