Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ռուսական գազից
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ երկիրը կշարունակի գազ գնել Ռուսաստանից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարն այդ մասին ասել է CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք չենք կարող մեր քաղաքացիներին ասել, որ գազը սպառվել է։ Անհրաժեշտ է, որպեսզի մեզ հասանելի լինեն այդ ռեսուրսները՝ առանց էներգամատակարարման անվտանգության շահերն անտեսելու։ Մենք պետք է գազ գնենք, որը կարող ենք ստանալ Ռուսաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից։ Մենք նաև շարունակում ենք գազ արդյունահանել Սև ծովում», - ասել է Բայրաքթարը։
2016 թ. հոկտեմբերի 10-ին ՌԴ-ն և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանից Սև ծովի տակով «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումների վերաբերյալ։ Թուրքիայի եվրոպական մաս վառելիքի մատակարարումները սկսվել են 2020 թվականի հունվարին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 25-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կցանկանար Թուրքիայի կողմից ռուսական էներգակիրների գնումների դադարեցում, քանի դեռ շարունակվում է հակամարտությունն Ուկրաինայում։