Տուրիզմ

Տիգրան Մկրտչյանն ու Օլգա Կեֆալոյանին քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ինտենսիվացնելու հարցը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանն ու  Օլգա Կեֆալոյանին քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ինտենսիվացնելու հարցը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանիին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ինտենսիվացնելու հարցեր։ Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արձանագրությամբ նախատեսված փոխգործակցությանը, այդ թվում և զբոսաշրջության ոլորտի հայ-հունական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը Երևանում կազմակերպելու հարցին։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախարար Կեֆալոյանիին Զբոսաշրջության, սպասարկաման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջին աջակցելու և Կրետե կղզու Ռեթիմնո քաղաքում ամռանը այդ քոլեջի ուսանողների վերապատրաստմանը նպաստելու համար։

Դեսպանը նաև ներկայացրել է այս տարի զբոսաշրջային ոլորտում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնած միջազգային միջոցառումները և կարևորել հունական պետական և ոչ պետական կառույցների մասնակցությունը դրանցում։

Հանդիպմանը հատուկ կարևորություն է տրվել Հայաստանի և Հունաստանի միջև գործող ուղիղ թռիչքների առկայությանը և դրանց հաճախականությանը, ինչպես նաև ընդգծվել է ավիափոխադրողների ավելացման փաստը, ինչը ցույց է տալիս զբոսաշրջության ոլորտում երկկողմ աճող շահագրգռվածությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում