44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցն ԱԺ նիստերի օրակարգում ներառելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյան
3 րոպեի ընթերցում
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու իրավական հիմք չկա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե ինչ-որ միտում կա դա չհրապարակելու, սխալ է: Սա ոչ թե հրապարակելու-չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձևի մասին է։ Այնուամենայնիվ, զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել, այլ հարց է, թե դա ինչ ֆորմատով կարվի։ Եթե անգամ դա մտներ ԱԺ լիագումար նիստ, միևնույնն է, լինելու էր փակ ֆորմատով: Սակայն այդ զեկույցը չի կարող մտնել օրակարգ, բոլոր իրավաբանական ձևակերպումները դրա մասին են խոսում»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը չբացառեց, որ կարող են փակ ֆորմատով լսումներ անցկացվել կամ ընդդիմադիր և իշխանական պատգամավորները գնան գաղտնի բաժին ու ծանոթանան զեկույցին:
«Հնարավոր չէ հրապարակել զեկույց, որտեղ լինեն մեր Զինված ուժերի մասին տեղեկություններ, և դա լինի ուղիղ եթերում»,–նշեց ԱԺ նախագահը:
Ըստ նրա՝ ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ չի տալիս, որպեսզի այդ զեկույցը նիստերի օրակարգում ընդգրկվի:
Սիմոնյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովի նախագահը իրավական առումով անգամ նույնիսկ զեկույցը չի հանձնել ԱԺ նախագահին:
«Երբ մեկնաբանության խնդիր կա, դիմում ենք համապատասխան մարմիններին, որոնք այդ ձևակերպումը մեկնաբանում են: Այդ գործողություններն իմ կողմից արված են: Ես ունեմ պատասխան ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից, ունեմ պատասխան ԱԺ իրավաբանական վարչությունից և ունեմ իմ իրավաբանական կրթությունը, նաև մեր քարտուղարության ղեկավարի մեկնաբանությունը, որոնք բոլորը նույնական են: Զեկույցը լիագումար նիստերի օրակարգ մտցնելու իրավական հիմք չկա»,–ասաց ԱԺ նախագահը:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ։ Դրա կազմում ընդգրկված են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորներ։
Ավելի վաղ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում՝ սեպտեմբերի 27-ից հետո գումարվող լիագումար նիստում։ Նա ընդգծել էր՝ զեկույցի գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ նիստը կլինի փակ, բայց այն հասանելի կլինի պատկան մարմիններին։