Մշակույթ

Մոսկվայում կայացել է Կարինե Դանիելյանի «Համաշխարհային մշակութային ժառանգություն» գրքաշարի երկրորդ հատորի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում կայացել է Կարինե Դանիելյանի «Համաշխարհային մշակութային ժառանգություն» գրքաշարի երկրորդ հատորի շնորհանդեսը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ճարտարապետ և դիվանագետ Կարինե Դանիելյանի հեղինակած ու կազմած «Համաշխարհային մշակութային ժառանգություն» գրքաշարի երկրորդ հատորի շնորհանդեսը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ շարքը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային հուշարձաններին։ Առաջին գիրքը, որը լույս էր տեսել նախորդ տարի, կրում էր «Հայաստանն ու հարևան երկրները» խորագիրը։ Նոր հատորը՝ «Միջերկրածովյան տարածաշրջան», ներկայացնում է Եգիպտոսի, Հունաստանի, Լիբանանի, Լիբիայի, Սիրիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ալժիրի, Թունիսի և Մարոկկոյի մշակութային ժառանգության հուշարձանները։ 

Հեղինակի խոսքով՝ գրքերի նպատակը ոչ միայն մշակութային արժեքների տարածումն է, այլև դրանց պահպանման և պաշտպանության կարևորության ընդգծումը։ «Այս գրքաշարի միջոցով ցանկանում եմ ընթերցողին ներկայացնել այն մշակութային գանձերը, որոնք պատկանում են ոչ միայն առանձին երկրներին, այլև ամբողջ մարդկությանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներքո պահպանվող ժառանգությունն այսօրվա և ապագա սերունդների համար է»,-նշել է Դանիելյանը։

Շնորհանդեսի ընթացքում բանախոսները բարձր են գնահատել գրքերի մշակութային արժեքը, դրանց կրթական նշանակությունն ու միջազգային համագործակցության խթանման դերը։ 

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն առանձնացրել է հեղինակի երկարամյա փորձն ու նվիրվածությունը մշակութային քաղաքականությանը՝ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ 

Միջոցառումն անցել է ջերմ և անմիջական մթնոլորտում։ Ներկա էին մշակութային ու կրթական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում