Բրյուսելի Մոնեի հրապարակում Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգ է տեղի ունեցել
2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Հայերի Կոմիտեի նախաձեռնությամբ Բրյուսելի ամենաբանուկ հրապարակներից մեկում՝ Place de la Monnaie-ում, տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձին:
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համերգին մասնակցել են ամբողջ Բելգիայից յոթ հայկական պարային խմբեր: Միջոցառման մեկնարկին Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն իր խոսքում նշեց, որ արդեն հինգ տարի է՝ սեպտեմբեր ամիսը հակասական զգացումների ամիս է յուրաքանչյուր հայի համար։ Նա մանրամասնեց, որ հիմա արդեն սեպտեմբերը նաև 44-օրյա պատերազմի մեկնարկի ու 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի ամիսն է, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար հայությունը բռնի տեղահանվեց ու տեղափոխվեց Հայաստան:
«Չնայած դժվարություններին, վտանգներին ու այսօրվա մտահոգիչ իրավիճակին՝ հայ ազգը կանգուն է եւ շարունակում է զարգանալ, առաջ գնալ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում», - իր ելույթում ասաց Ռոբերտ Ունուսյանը:
Հայկական մեղեդիներ ու պարեր, հայկական գինի ու ուտեստներ. հրապարակում տիրող հայկական ոգին վայելում էին ոչ միայն համայնքի անդամները, այլեւ բելգիացիներն ու անցորդ զբոսաշրջիկները, որոնք համերգի վերջում միացան նաեւ քոչարի պարելուն: Հազարից ավելի մարդ ճաշակեց հայկական ուտեստներն ու ծանոթացավ հայկական մշակույթին:
