Ցուցահանդեսով և փառատոնի մեկնարկով Կոմիտասի թանգարան-ինստիտուտը տոնեց վարդապետի 156-ամյակը

4 րոպեի ընթերցում

Կոմիտասի 156-ամյակի առթիվ վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, մշակութային գործիչները, պաշտոնյաները, արվեստասերներն ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին՝ ևս մեկ անգամ արժևորելով ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի անգնահատելի ավանդը հայկական մշակույթի տարածման ու պահպանման գործում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնական օրը ղողանջեցին թանգարանի խորհրդանշական զանգերը։ Այս տարի զանգերը հնչեցրեց կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։ 

«Սրտանց շնորհավորում եմ այն երաժիշտներին, մտավորականներին, բոլոր հայերին, որոնք այս կամ այն չափով կապված են Կոմիտասի հետ։ Կոմիտասը բոլորինս է. նա հայ երաժշտության հայրն է, նահապետն է, ակադեմիական երաժշտության հիմնադիրն է»,-շեշտեց մաեստրոն։ 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն էլ հիշեցրեց, որ Կոմիտասի ծննդյան տարեդարձին զանգեր հնչեցնելու գաղափարը ծագել է տասը տարի առաջ թանգարան-ինստիտուտի հիմնադրման օրը։ 

«Այս ավանդույթի խորհուրդը հաջորդ սերունդներին Կոմիտասի թողած ժառանգությունը փոխանցելն է՝ գիտական, հասարակական, մանկավարժական։ Լինելով թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ՝ ուրախ եմ, որ թանգարանի աշխատակիցները կարողանում են պատանիներին ու երիտասարդներին բերել այստեղ, քանի որ անցկացվում են բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել Կոմիտասին, սիրել ու կատարել նրա ստեղծագործությունները»,-նշեց Ղազարյանը։ 

Տոնական օրը նշանավորվեց նաև «Նամակներ Վիլժուիֆից» (Կոմիտաս Գևորգյանի հավաքածու) ցուցադրության բացմամբ և «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մեկնարկով։ 

Ցուցահանդեսում ներկայացված են Կոմիտաս վարդապետի կյանքի վերջին տարիներին վերաբերող փաստաթղթեր և նամակներ, որոնք հնարավորություն են տալիս նոր դիտանկյունից լուսաբանել նրա կենսագրության քիչ ուսումնասիրված էջերը, ինչպես նաև բացահայտել Կոմիտասի առողջական վիճակին, նրա անձին ու գործունեությանն առնչվող մանրամասներ, որոնք արտացոլված են պաշտոնական փաստաթղթերում։ 

Անվանի դիրիժոր Կոմիտաս Գևորգյանի նվիրաբերած հավաքածուն ներառում է հրապարակումներ, փոստային բացիկներ, լուսանկարներ, Կոմիտասի այցեքարտը և պաշտոնական բնույթի գրություններ։ Առանձնահատուկ կարևորություն ունի 1913–1943 թվականներին թվագրված բնօրինակ փաստաթղթերի հավաքածուն, որը ներառում է տասնմեկ արխիվային միավոր նամակներ և հեռագրեր։  

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնն էլ մեկնարկն ազդարարեց Կոմիտասի անվան ազգային քառյակի ելույթով: Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 27-ին թանգարան-ինստիտոււտում հանդես կգա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, սեպտեմբերի 30-ին` սոպրանո Հրաչուհի Բասենցը (Գերմանիա) և դաշնակահար Արմեն Աղաջանյանը, հոկտեմբերի 3-ին տեղի կունենա «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը, հոկտեմբերի 8-ին ելույթ կունենա «Հովեր» պետական կամերային երգչախումբը:  

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:  

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները