ՊԵԿ-ը հրավիրում է խաղային գործունեության վերահսկողության համակարգերի միջազգային մատակարարների շուկայի հետազոտության հանդիպման
1 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հոկտեմբերի 7-ին կազմակերպում է խաղային գործունեության վերահսկողության համակարգերի միջազգային մատակարարների համար նախատեսված շուկայի հետազոտության առցանց հանդիպում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն է ներկայացնել առաջիկայում նախատեսվող միջազգային մրցույթի պայմանները՝ ուղղված Ազգային խաղային վերահսկողության համակարգի օպերատորի ընտրությանը, ինչպես նաև խթանել ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների ներգրավվածությունը գործընթացում։
Քննարկման ընթացքում կտրամադրվի մրցույթի կազմակերպման մեխանիզմների և մասնակցության հիմնական պայմանների վերաբերյալ տեղեկատվություն։
Հետաքրքրված ընկերությունները կարող են հաստատել իրենց մասնակցությունը՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
Շուկայի հետազոտության հանդիպման հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքէջում։