Գյուրջիևի երաժշտությունն ու փիլիսոփայությունը ներկայացվեց Գյումրիում՝ «Գյուրջիև» անսամբլի համերգով
4 րոպեի ընթերցում
Գյումրու «Սև բերդ» պատմական ամրոցում կայացած համերգով պաշտոնապես եզրափակվեց «Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգին հանդես եկավ աշխարհում լայն ճանաչում ունեցող «Գյուրջիև» անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանի գլխավորությամբ։ Համերգի ավարտին անսամբլին միացավ նաև Գյումրու պետական կոնսերվատորիայի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արփինե Մանուկյան)։
«Գյուրջիև» անսամբլը, որի կազմում ընդգրկված են բացառապես հայկական և արևելյան ավանդական գործիքներ կատարող երաժիշտներ, վերջին տարիներին ելույթ է ունեցել 30 երկրների շուրջ 150 քաղաքներում՝ աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում և միջազգային խոշոր փառատոներում։
Համերգի ընթացքում ներկայացվեցին Գյուրջիևի ստեղծագործությունների վերաշարադրություններ՝ մշակված ազգային նվագարանների համար։ «Սա մի ուխտագնացություն է՝ սկսելով հենց այստեղից և շարունակելով մեր ճանապարհորդությունը դեպի ամբողջ աշխարհ»,- նշեց անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը։ Նրա խոսքով՝ անսամբլի նպատակն է փոխանցել այն երաժշտական միջավայրը, որին Գյուրջիևը առնչվել է Մերձավոր Արևելքով իր ճամփորդությունների ընթացքում։
Գեորգի Գյուրջիևը ծնվել է 1877 թվականին Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրիում)։ Նա միջազգային ճանաչման է հասել իր կրոնափիլիսոփայական ուսմունքով, երաժշտական և մշակութային գործունեությամբ։ Գյուրջիևը ծնվել և մեծացել է հունադավան Իվան Գյուրջիևի՝ հանրությանը հայտնի Աշուղ Ադաշ Եվդոկիա Նալչաջյանի ընտանիքում։ Նրա մանկությունն ու պատանեկությունը անցել են Ալեքսանդրապոլում, իսկ հոր՝ Իվան Գյուրջիևի գերեզմանը մինչ օրս պահպանվում է Գյումրիում։
Գյուրջիևի ուսմունքը լայն տարածում է գտել հատկապես Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում։ 20-րդ դարում նրա հետևորդները հիմնել են դպրոցներ և ինստիտուտներ տարբեր երկրներում, որտեղ մինչ օրս ուսումնասիրվում են նրա ուսմունքը, մեթոդներն ու գրական ժառանգությունը։
Գիտաժողովի շրջանակում մասնակիցները այցելեցին Գյուրջիևի ընտանեկան տունը, հոր գերեզմանը, ինչպես նաև Ալեքսանդրապոլի այն վայրերը, որոնք առնչվում են նրա կենսագրության վաղ շրջանին։
«Թեև գիտաժողովը մեկնարկել էր Երևանում, այն չէր կարող շրջանցել Գյուրջիևի ծննդավայրը։ Այստեղ՝ Գյումրիում, առկա է այն ամբողջ ներուժը, որով կարելի է զարգացնել գյուրջիևագիտությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Փիթեր Քաուին։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները հնարավորություն են ստեղծում գյումրեցիների համար ճանաչելու և հպարտանալու իրենց մեծանուն հայրենակցով։ «Գյումրին պետք է իր արժանի տեղը զբաղեցնի գյուրջիևագիտության համաշխարհային քարտեզում»,- ընդգծեց նա։
«Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը կազմակերպվել է Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի նախաձեռնությամբ։ Համագործակցող կազմակերպություններն են Երևանի պետական համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտը և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտը։ Ծրագիրն իրականացվել է Լոս Անջելեսում գործող «Ջորջ Իգնատիուս» հիմնադրամի աջակցությամբ։
Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ, արվեստագետներ և երաժիշտներ ավելի քան տասը երկրներից՝ ներկայացնելով իրենց վերջին հետազոտությունները Գյուրջիևի փիլիսոփայական, երաժշտական և մշակութային ժառանգության վերաբերյալ։