Քաղաքականություն

Փաշինյանը ներկայացրեց ՀԷՑ-ի ազգայնացման երկու սցենար

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը ներկայացրեց ՀԷՑ-ի ազգայնացման երկու սցենար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման երկու սցենար. բոլոր դեպքերում կառավարությունը կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այդ ենթակառուցվածքում կառավարության ռազմավարական ներկայությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում: 

«Հայաստանում կա օրենքի և իրավունքի դիկտատուրա ու լինելու է: Քավ լիցի, հանկարծ ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը չվնասվի, հանկարծ դա կասկածի տակ չդրվի, տնտեսական զարգացումը չվնասվի, ժողովրդի իշխանությունը հանկարծ չվտանգվի, որովհետև ժողովրդի իշխանությամբ է այնուամենայնիվ ամեն ինչը սահմանափակված»,–ասաց Փաշինյանը: 

Վարչապետը չժխտեց՝ փորձը ցույց է տալիս՝ միշտ չէ, որ թավշյա մոդելն արդյունավետ է: Երբեմն անհրաժեշտ են վիրահատական միջոցներ: 

«Այդ միջոցներից է օրինակ, Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման գործընթացը: Ընդ որում, անկասելի գործընթաց է: Ես տեսնում եմ, որ դաշտում սին հույսեր փայփայողներ կան: Բայց ուզում եմ ընդգծել, որ պրոցեսն անկասելի է և գնալու է մինչև վերջ՝ երկու հնարավոր սցենարներից մեկով: Սցենար 1՝ ՀԷՑ-ն ազգայնացվում է և հանձնվում է պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական: Սցենար 2՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի մեծ մասը փոխանցվում է էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի: Բոլոր դեպքերում ՀՀ-ն կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում կառավարության ռազմավարական ներկայությունը»,–ասաց Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ երկրորդ սցենարով կգնան միայն այն պարագայում, եթե պարզվի, որ առաջին սցենարի ծախսերը պետական բյուջեի համար անհամաչափորեն մեծ են:

Վարչապետը նշեց, որ այս պահին արդեն ՀԷՑ-ի ստուգումների արդյունքում բացահայտված խարդախությունները բավարար են արձանագրելու համար, որ ՀԷՑ-ի կառավարման նախորդ շրջանի հետ կապված մտավախությունները հիմնավոր են եղել:

«Չնայած դեռ բավականին ժամանակ առաջ մարզային բազմաթիվ այցերի ընթացքում էի համոզվել, որ Հայաստանում էլեկտրական էներգիայի անորակ մատակարարումը ձեզ հայտնի ուժերի համար եղել է ժողովրդի շրջանում քաղաքական դժգոհություն գրգռելու, ժողովրդին կառավարության դեմ հանելու գործիք: Թույլ չենք տա ՀՀ-ի հետ նման խաղեր խաղալ»,–ասաց վարչապետը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում