Բարձր տեխնոլոգիաներ

Հայաստանն արդեն ունի իր տեղը կիսահաղորդչային մատակարարման գլոբալ շղթայում. ԲՏԱ նախարարի տեղակալ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն արդեն ունի իր տեղը կիսահաղորդչային մատակարարման գլոբալ շղթայում. ԲՏԱ նախարարի տեղակալ

Հայաստանն արդեն ունի իր տեղը կիսահաղորդչային մատակարարման գլոբալ շղթայում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «State&Tech bridge» միջոցառման ընթացքում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող ունենալ զանգվածային արտադրություն, սակայն կարևոր դեր է խաղում նախագծման, հավաքման և վերջնական արտադրանքի ստեղծման փուլերում։

Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի նպատակը միջազգային հուշագրերով ամրագրելն է իր կայուն դերը այս շղթայում և այդ դիրքի ուժեղացումը։

Նախարարի տեղակալը նաև կարևորեց արհեստական բանականության դերը և մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը:

«Շատ անելիքներ ունենք։ Պետք է ուշադրություն դարձնել տաղանդների անընդհատ մատակարարմանը, հատկապես էլեկտրական ինժեներների և ԱԲ ոլորտի մասնագետների։ Կարևոր է տիրապետել ոչ միայն մաթեմատիկային, ֆիզիկային, տվյալագիտությանը, այլև ԱԲ գործիքներին ու թվայնացման հմտություններին՝ արտադրողականությունը բարձրացնելու համար»,- ընդգծեց Սիմոնյանը։

Փոխնախարարի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ։ 

«2023 թվականի մայիսին ընդունված 808 որոշման հետևանքով արտահանման գործընթացները բարդացել են։ Ընկերությունը նախ պետք է դիմի հետազոտության, հետո նոր՝ էկոնոմիկայի նախարարություն, ինչը կարող է տևել մեկից երկու ամիս։ Մենք աշխատում ենք ստեղծել «validated»-ների համակարգ, որտեղ վստահելի ընկերությունների ստուգումները կիրականացվեն հետագա փուլում՝ պոստ ֆակտում։ Նույնը վերաբերում է նաև ներմուծմանը, քանի որ որոշ հումքեր չունեն համապատասխան կոդեր և ձևակերպումները ձգձգվում են ամիսներով, ինչի հետևանքով նյութերը կարող են դառնալ անպիտան։ Այս հարցերը քննարկվում են ՊԵԿ-ի հետ»,- ասաց փոխնախարարը։

Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը պետք է օգտագործի ներկա մարտահրավերները որպես հնարավորություն՝ կիսահաղորդչային և տեխնոլոգիական գլոբալ շուկաներում իր դիրքերը ամրապնդելու համար։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում