Գիտություն

Արհեստական բանականությունը շուտով կկառավարի նաև աստղադիտակները և այլ գործիքներ. պրոֆեսոր Ալեքս Սալայ

7 րոպեի ընթերցում

Արհեստական բանականությունը շուտով կկառավարի նաև աստղադիտակները և այլ գործիքներ. պրոֆեսոր Ալեքս Սալայ

Երևանում շարունակվող «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ-3» խորագրով միջազգային գիտաժողովի անվանի հյուրերի թվում է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի անվան մասնավոր հետազոտական համալսարանի ֆիզիկայի, աստղագիտության և համակարգչային գիտությունների պրոֆեսոր Ալեքս Սալայը: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել ոչ միայն նշված, այլև տիեզերագիտության, մեծ տվյալների և մեծ ծավալի տվյալներով հաշվարկների ոլորտներում: 

Հռչակավոր գիտնականը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արհեստական բանականությունն արդեն տեսանելի ապագայում արմատապես կփոխի գիտական հետազոտությունների որակը:

«Այս գիտաժողովի ընթացքում խոսելու եմ այն մասին, թե արհեստական բանականությունը ինչպես կարող է նպաստել գիտական ահռելի տեղեկատվության արագ և խորը մասնագիտական վերլուծությանը, ավելի մրցունակ դարձնել աստղագիտությունը և տիեզերքի ուսումնասիրությունները, ինչպես նաև տասնյակ հազարավոր անդամներ ունեցող ընկերությունների աշխատանքը՝ հաշվի առնելով, որ վերջիններս շատ ժամանակ չունեն հետազոտություններով զբաղվելու համար: Ժամանակակից կյանքն արագ անդրադարձ և գործողություններ է պահանջում: Ներկայացնելու եմ արդի հետազոտական գործիքները և այն, թե ինչպես են մաթեմատիկան և աստղագիտական հաշվարկները նպաստում արհեստական բանականությունն ավելի պրակտիկ, կիրառական դարձնելուն»,- ասաց Ալեքս Սալայը:

Այնուհանդերձ, գիտնականը գտնում է, որ ժամանակակից գործիքները դեռևս շատ չեն հեշտացրել ու փոխել գիտնականների աշխատանքը, թեպետ, նախորդ տասնամյակների համեմատ, փոփոխություններն, իհարկե, ակնառու են:

«Հիմա արհեստական բանականությունը, կարելի է ասել, միայն մեծ մեքենաներ է վարում: Մեր աշխատանքը դեռևս վերլուծական փուլում է: Բայց, անշուշտ, շուտով արհեստական բանականությունը կկառավարի ոչ միայն մեծ մեքենաները, այլև աստղադիտակները և ուրիշ գործիքներ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով երևանյան գիտաժողովին՝ Ալեքս Սալայը նշեց, որ նման միջոցառումները հատկապես կարևորում է գիտության ուղին ընտրած հեռանկարային երիտասարդներին հանդիպելու տեսանկյունից: Եվ, իհարկե, ըստ նրա, դրանց կազմակերպումն առանձնակի նշանակություն և խորհուրդ ունի արհեստական բանականության դարաշրջանում, քանի որ գիտական տվյալները հետզհետե հնանում են, կորցնում արդիականությունը, քանի որ շատերն ավելի քան 20 տարվա վաղեմության են:

«Որքան շատ կազմակերպվեն այսպիսի գիտաժողովներ, այնքան ավելի լավ կլինի երիտասարդ գիտնականների, տվյալ դեպքում՝ նաև Հայաստանի և նրա գիտության զարգացման համար»,- արձանագրեց նա:

Մեր հետաքրքրությանը, թե արդյոք արհեստական բանականության կատարելագործումը կարո՞ղ է նպաստել մարդկության և արտաերկրային քաղաքակրթությունների միջև շփման հաստատմանը՝ Ալեքս Սալայը պատասխանեց.

«Հուսով եմ, որ մոտ ապագայում տիեզերքում չի հայտնաբերվի բանական կյանք: Կարծում եմ, եթե նման բան տեղի ունենա, ապա դա կլինի շատ ուշ: Ինչո՞ւ: Որովհետև հիմա դա շատ վտանգավոր կլինի աշխարհի և մարդկության համար»:

Ալեքս Սալայը ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ և Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է: Ծնվել է 1949 թվականին՝ Հունգարիայում: Նրա հայրը՝ Շանդոր Շալայը, համարվում է հունգարական միջուկային ֆիզիկայի հիմնադիրը՝ ուրանի և նեյտրինոների հարստացման բնական մեխանիզմի հայտնաբերման համար։

Կրտսեր Սալայը 2009 թվականից Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի Տվյալների ինտենսիվ օգտագործմամբ ինժեներիայի և գիտության ինստիտուտի (IDIES) հիմնադիր տնօրենն է: Նա արժանացել է գիտական բազում պարգևների, այդ թվում՝ գալակտիկաների բաշխման լայնածավալ կառուցվածքի (400 միլիոն լուսային տարի) հայտնագործման համար:

Աստղաֆիզիկայի ոլորտում Սալայը նշանակալի ներդրում է ունեցել տիեզերքում մութ նյութի կառուցվածքի ձևավորման և բնույթի ըմբռնման գործում: Տիեզերագիտության ոլորտում աշխատում է գալակտիկաների տարածական բաշխման և ձևավորման վիճակագրական տվյալների ուղղությամբ: Մեծ ներդրում ունի տեսական աստղաֆիզիկայի և խոշորածավալ կառուցվածքների ուսումնասիրություններում: Նաև ղեկավարել է տվյալների մեծ ծավալով համակարգչային ճարտարապետությունների մշակման աշխատանքները:

Պրոֆեսոր Սալայը Գիտական պահոցի ստեղծողն է, նաև, այսպես կոչված, Սլոանի թվային երկնքի հետազոտության գիտական ​​խորհրդի նախագահն է: Նրա անվամբ է կոչվել Ապաչի Փոյնթ աստղադիտարանում գտնվող Սլոանի թվային երկնքի հետազոտության արդյունքում հայտնաբերված 170010 Սալայ փոքր մոլորակը։

Նաև Վիրտուալ աստղադիտարանների միջազգային դաշինքի հիմնադիրներից է, մասնակցել է ներկայիս ամենաակնառու քաղաքացիական գիտական ​​նախագծերից մեկի՝ Galaxy Zoo-ի ստեղծմանը: Ալեքս Սալայի գիտական գործունեությունն ընդգրկում է բազում այլ ուղղություններ և ոլորտներ:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ-3» միջազգային գիտաժողովն ավարտվելու է սեպտեմբերի 19-ին: Այն նվիրված է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի հետազոտության (Բյուրականի առաջին հետազոտություն (FBS), որը 2011 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Աշխարհի հիշողություն» միջազգային վավերագրական ժառանգության ցանկում) 60-ամյակին և Վիրտուալ աստղադիտարանների միջազգային դաշինքին (IVOA) անդամակցող Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) ստեղծման 20-ամյակին։

Մասնակցում են աստղագիտական շրջահայությունների, տվյալների շտեմարանների, պահոցների, վիրտուալ աստղադիտարանների և մեծ տվյալների ոլորտներում մասնագիտացող միջազգային ճանաչման արժանացած գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Չինաստանից, Ֆրանսիայից։

Համաժողովը կազմակերպվել է Բյուրականի աստղադիտարանի, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS), Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO), Միջազգային աստղագիտական միության Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD), ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում