Որևէ մեկը չպետք է մտածի հեղինակային իրավունքը խախտելու և անպատիժ մնալու մասին. «Հայհեղինակ»-ի գլխավոր տնօրեն

9 րոպեի ընթերցում

«Հայհեղինակ» հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է 2001-ին՝ մտավոր գործունեության ոլորտում հեղինակների իրավունքների իրացման և պահպանության նպատակով: 

Այն գործում է կամավոր և հավասար իրավունքով անդամակցության հիման վրա, իրականացնում է իր գործունեությունն` առաջնորդվելով ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության որոշումների, միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների և իր կանոնադրության դրույթներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերջին մեկ տարում «Հայհեղինակ»-ում իրականացվող փոփոխությունների մասին է պատմում կազմակերպության գլխավոր տնօրեն Մարինա Ավետիսյանը։

-Տիկին Ավետիսյան, «Հայհեղինակ»-ի նոր կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներն ի՞նչ են ենթադրում: Կազմակերպությունն ինչպե՞ս է նպաստելու հեղինակային և հարակից իրավունքների ոլորտի կարգավորմանը: 

-Այն աշխատանքները, որ արվել են այս տարիների ընթացքում եղել են բավարար, սակայն մարտահրավերները, որոնք այսօր առկա են Հայաստանում և աշխարհում, պահանջում են, որպեսզի կազմակերպությունը փոխի իր մարտավարությունը, մասնավորապես  հեղինակային վարձատրություն վճարող կազմակերպությունից վերածվի  հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանող կազմակերպության: Այս առումով խնդիրները շատ են, որոնք լուծելու նպատակով վերջին 8-9 ամիսների ընթացքում փոխվել է մեր կանոնադրությունը, նոր կարգեր են գրվել և գրվում են, ստեղծվել է մոտ 300 էջ իրավական ակտ, որոնք պետք է նպաստեն հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ոլորտում հեղինակ-օգտագործող-իրավատեր հարաբերությունների կարգավորմանը: Մշակվել է անդամության կանոնակարգ, ստեղծագործությունների և դրանց իրավունքների գրանցման կանոնակարգ, այս և մնացած բոլոր կարգերն առաջիկայում պետք է հաստատի «Հայհեղինակ»-ի իրավատերերի խորհուրդը (մի մասն արդեն հաստատվել է): Մենք արդեն իսկ ստեղծել ենք մեր մասնաճյուղերը մարզերում: Շուտով կգործարկվի նաև մեր նոր կայքէջը։ 2001 թվականից կազմակերպությունը անդամակցում է Հեղինակների և կոմպոզիտորների ընկերությունների միջազգային կոնֆեդերացիային (CISAC), ինչը հնարավորություն է տալիս փոխադարձ հետաքրքրությունների և շահերի պաշտպանության պայմանագրեր կնքել` պաշտպանելով հայ հեղինակների իրավունքներն արտասահանում, ինչպես նաև ապահովել արտասահմանյան հեղինակների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը միացել է հեղինակային և հարակից իրավունքների ոլորտում միջազգային պայմանագրերի՝ մասնավորապես Բեռնի կոնվեցիային: Ինչու են աշխարհում ստեղծվել այսօրինակ կառույցները, որովհետև հեղինակները միայնակ չեն կարող հետևել իրենց ստեղծագործությունների կատարմանն ու կառավարմանը: Հեղինակային դաշտը կանոնակարգելու հարցում մեծ է հատկապես պետության դերակատարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի և ԿԳՄՍ նախարարությունների, իսկ պետության աջակցության դեպքում «Հայհեղինակ»-ը պատրաստ է անել ամեն ինչ ի շահ հեղինակի:   

-Պետությունն ի՞նչ գործիքակազմ կարող է կիրառել, որպեսզի հեղինակային իրավունքի ոլորտում ապօրինի գործունեություն իրականացնող կազմակերպությունները իրավախախտումներ չանեն: 

-Այդ լծակը, նախևառաջ, օրենքն ու ենթաօրենսդրական ակտերն են, բայց որպեսզի մեր կազմակերպությունը կարողանա արդյունավետ պաշտպանել ստեղծագործողների հեղինակային իրավունքը, շատ կարևոր է ՀՀ օրենսդրության ներդաշնակեցումը և համապատասխանեցումը միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։ Այստեղ պետք է օգնության գան նաև թվային նոր տեխնոլոգիաները, համակարգչային ծրագրերը, որոնք նախ կֆիքսեն հեղինակային իրավունքի խախտումները: «Հայհեղինակ»-ը պետք է ունենա նաև ստեղծագործությունների երկացանկ, որ տրամադրի օգտագործողներին, որովհետև առանց դրա ուղղակի չես կարող պաշտպանել հեղինակային իրավունքը: Այս առումով պայմանագրային ձևանմուշները օգտագործողների հետ ամբողջությամբ պետք է փոխվեն: Մենք նման խնդիր դրել ենք մեր առջև և առանց բարձրաձայնելու անում ենք, գուցե սա որոշ մարդկանց կամ կազմակերպությունների դուր չի գալիս, որովհետև իրենք մշտապես խախտում են այդ կանոնները:    

-Ոլորտում ովքե՞ր են շահագրգռված, որ չպաշտպանվեն ստեղծագործողների հեղինակային իրավունքները, և դա ավելի շատ չիմացությա՞ն արդյունք է, թե՞ կոնկրետ միտում:  

-Կա և՛ չիմացության, և՛ խնդրի կարևորությունը չգիտակցելու հարց: Հիմնական օրինախախտներն են չլիցենզավորված երաժշտություն օգտագործող բարերը, ռեստորանները, սրճարանները, այլ կազմակերպությունները, որտեղ իրականացվում է երաժշտության հրապարակային կատարում, բայց առանց թույլտվության և հեղինակային վարձատրության վճարի: Ինչպես նաև տարատեսակ առցանց հարթակները, որոնք տարածում են հեղինակային ստեղծագործություններ` առանց թույլտվության: Նրանց բոլորի նպատակը ֆինանսական օգուտ ստանալն է՝ առանց հեղինակին վճարելու: Օրինակ՝ ռեստորանի սեփականատերը երբեք չի մտածում, որ ռեստորանում հնչող երաժշտության համար պետք է վճարի, ընդ որում` խոսքը շատ փոքր գումարների մասին է, որը վճարելով` դու պաշտպանում ես ստեղծագործողի հեղինակային իրավունքը: Այդ առումով «Հայհեղինակ»-ը, լինելով հեղինակային իրավունքների պաշտպան, չպետք է թույլ տա, որ դրանք որևէ կերպ խախտվեն:

-«Հայհեղինակ»-ն ունի՞ այդ մարդկային ռեսուրսն  ու մասնագիտական ներուժը: 

-Կազմակերպությունը հիմա կառուցվածքային փոփոխությունների փուլում է և աստիճանաբար պետք է քարոզչությունը մեծացնի, որպեսզի մարդիկ հասկանան, թե ո՛րն է խախտումը, որովհետև հեղինակային իրավունքի պահպանությունը և պաշտպանությունը, նախևառաջ, փոխհարաբերությունների մշակույթ են և, եթե մենք ուզում ենք նպաստել ստեղծագործողի կարգավիճակի բարձրացմանը, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր աշխատանքի համար պետք է վճարել: Մենք անընդհատ զայրանում ենք, որ մեր հարևանները մեզնից գողանում և յուրացնում են մեր երգերը, մշակութային ժառանգությունը։ Այս համատեքստում շատ կարևոր է թե՛ պետության, թե՛ «Հայհեղինակ»-ի դերակատարությունը: Առանց պետության աջակցության անհնար է որևէ բան անել, իսկ որպեսզի մեր հարևանները մեր ստեղծագործությունները չգողանան, մեր պետության ներսում պետք է կարողանանք այդ իրավունքը պաշտպանել, գրանցել, ավանդադրել այդ ստեղծագործությունները, որպեսզի ցանկացած խախտման դեպքում հեղինակները կարողանան պաշտպանել իրենց իրավունքները:                 

-Ինչպե՞ս է աշխատում հեղինակային իրավունքի պաշտպանության շղթան և «Հայհեղինակ»-ն ինչպե՞ս կարող է օգնել ստեղծագործողին՝ պաշտպանելու իր իրավունքները:

-Հեղինակը պետք է գրանցի իր ստեղծագործությունը, որպեսզի այն օգտագործելու դեպքում «Հայհեղինակ»-ն իրավունք ունենա հեղինակային վարձատրություն հավաքել և բաշխել, բայց ստեղծագործության գրանցումը դեռևս չի նշանակում 3-րդ անձանց ոտնձգություններից պաշտպանություն, դա կարող է լինել միայն կամավոր ավանդադրման (դեպոնացման) պարագայում: Հեղինակը խախտումների վերաբերյալ պետք է ներկայացնի նաև ստույգ ապացույցներ: Մենք նպատակ ունենք ստեղծել միջազգային արբիտրաժ, իրավաբանական, փաստաբանական և հաշտարարական ծառայություններ մատուցելու հեղինակների իրավունքների պաշտպանության ոլորտում: «Հայհեղինակ»-ը լինելու է ստեղծագործողների իրավապաշտպանը, որպեսզի հեղինակներն իրենց ավելի պաշտպանված զգան: Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող է հեղինակային իրավունքը խախտել և մնալ անպատիժ: 

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում