Որևէ մեկը չպետք է մտածի հեղինակային իրավունքը խախտելու և անպատիժ մնալու մասին. «Հայհեղինակ»-ի գլխավոր տնօրեն
9 րոպեի ընթերցում

«Հայհեղինակ» հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է 2001-ին՝ մտավոր գործունեության ոլորտում հեղինակների իրավունքների իրացման և պահպանության նպատակով:
Այն գործում է կամավոր և հավասար իրավունքով անդամակցության հիման վրա, իրականացնում է իր գործունեությունն` առաջնորդվելով ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության որոշումների, միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների և իր կանոնադրության դրույթներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերջին մեկ տարում «Հայհեղինակ»-ում իրականացվող փոփոխությունների մասին է պատմում կազմակերպության գլխավոր տնօրեն Մարինա Ավետիսյանը։
-Տիկին Ավետիսյան, «Հայհեղինակ»-ի նոր կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներն ի՞նչ են ենթադրում: Կազմակերպությունն ինչպե՞ս է նպաստելու հեղինակային և հարակից իրավունքների ոլորտի կարգավորմանը:
-Այն աշխատանքները, որ արվել են այս տարիների ընթացքում եղել են բավարար, սակայն մարտահրավերները, որոնք այսօր առկա են Հայաստանում և աշխարհում, պահանջում են, որպեսզի կազմակերպությունը փոխի իր մարտավարությունը, մասնավորապես հեղինակային վարձատրություն վճարող կազմակերպությունից վերածվի հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանող կազմակերպության: Այս առումով խնդիրները շատ են, որոնք լուծելու նպատակով վերջին 8-9 ամիսների ընթացքում փոխվել է մեր կանոնադրությունը, նոր կարգեր են գրվել և գրվում են, ստեղծվել է մոտ 300 էջ իրավական ակտ, որոնք պետք է նպաստեն հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ոլորտում հեղինակ-օգտագործող-իրավատեր հարաբերությունների կարգավորմանը: Մշակվել է անդամության կանոնակարգ, ստեղծագործությունների և դրանց իրավունքների գրանցման կանոնակարգ, այս և մնացած բոլոր կարգերն առաջիկայում պետք է հաստատի «Հայհեղինակ»-ի իրավատերերի խորհուրդը (մի մասն արդեն հաստատվել է): Մենք արդեն իսկ ստեղծել ենք մեր մասնաճյուղերը մարզերում: Շուտով կգործարկվի նաև մեր նոր կայքէջը։ 2001 թվականից կազմակերպությունը անդամակցում է Հեղինակների և կոմպոզիտորների ընկերությունների միջազգային կոնֆեդերացիային (CISAC), ինչը հնարավորություն է տալիս փոխադարձ հետաքրքրությունների և շահերի պաշտպանության պայմանագրեր կնքել` պաշտպանելով հայ հեղինակների իրավունքներն արտասահանում, ինչպես նաև ապահովել արտասահմանյան հեղինակների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը միացել է հեղինակային և հարակից իրավունքների ոլորտում միջազգային պայմանագրերի՝ մասնավորապես Բեռնի կոնվեցիային: Ինչու են աշխարհում ստեղծվել այսօրինակ կառույցները, որովհետև հեղինակները միայնակ չեն կարող հետևել իրենց ստեղծագործությունների կատարմանն ու կառավարմանը: Հեղինակային դաշտը կանոնակարգելու հարցում մեծ է հատկապես պետության դերակատարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի և ԿԳՄՍ նախարարությունների, իսկ պետության աջակցության դեպքում «Հայհեղինակ»-ը պատրաստ է անել ամեն ինչ ի շահ հեղինակի:
-Պետությունն ի՞նչ գործիքակազմ կարող է կիրառել, որպեսզի հեղինակային իրավունքի ոլորտում ապօրինի գործունեություն իրականացնող կազմակերպությունները իրավախախտումներ չանեն:
-Այդ լծակը, նախևառաջ, օրենքն ու ենթաօրենսդրական ակտերն են, բայց որպեսզի մեր կազմակերպությունը կարողանա արդյունավետ պաշտպանել ստեղծագործողների հեղինակային իրավունքը, շատ կարևոր է ՀՀ օրենսդրության ներդաշնակեցումը և համապատասխանեցումը միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։ Այստեղ պետք է օգնության գան նաև թվային նոր տեխնոլոգիաները, համակարգչային ծրագրերը, որոնք նախ կֆիքսեն հեղինակային իրավունքի խախտումները: «Հայհեղինակ»-ը պետք է ունենա նաև ստեղծագործությունների երկացանկ, որ տրամադրի օգտագործողներին, որովհետև առանց դրա ուղղակի չես կարող պաշտպանել հեղինակային իրավունքը: Այս առումով պայմանագրային ձևանմուշները օգտագործողների հետ ամբողջությամբ պետք է փոխվեն: Մենք նման խնդիր դրել ենք մեր առջև և առանց բարձրաձայնելու անում ենք, գուցե սա որոշ մարդկանց կամ կազմակերպությունների դուր չի գալիս, որովհետև իրենք մշտապես խախտում են այդ կանոնները:
-Ոլորտում ովքե՞ր են շահագրգռված, որ չպաշտպանվեն ստեղծագործողների հեղինակային իրավունքները, և դա ավելի շատ չիմացությա՞ն արդյունք է, թե՞ կոնկրետ միտում:
-Կա և՛ չիմացության, և՛ խնդրի կարևորությունը չգիտակցելու հարց: Հիմնական օրինախախտներն են չլիցենզավորված երաժշտություն օգտագործող բարերը, ռեստորանները, սրճարանները, այլ կազմակերպությունները, որտեղ իրականացվում է երաժշտության հրապարակային կատարում, բայց առանց թույլտվության և հեղինակային վարձատրության վճարի: Ինչպես նաև տարատեսակ առցանց հարթակները, որոնք տարածում են հեղինակային ստեղծագործություններ` առանց թույլտվության: Նրանց բոլորի նպատակը ֆինանսական օգուտ ստանալն է՝ առանց հեղինակին վճարելու: Օրինակ՝ ռեստորանի սեփականատերը երբեք չի մտածում, որ ռեստորանում հնչող երաժշտության համար պետք է վճարի, ընդ որում` խոսքը շատ փոքր գումարների մասին է, որը վճարելով` դու պաշտպանում ես ստեղծագործողի հեղինակային իրավունքը: Այդ առումով «Հայհեղինակ»-ը, լինելով հեղինակային իրավունքների պաշտպան, չպետք է թույլ տա, որ դրանք որևէ կերպ խախտվեն:
-«Հայհեղինակ»-ն ունի՞ այդ մարդկային ռեսուրսն ու մասնագիտական ներուժը:
-Կազմակերպությունը հիմա կառուցվածքային փոփոխությունների փուլում է և աստիճանաբար պետք է քարոզչությունը մեծացնի, որպեսզի մարդիկ հասկանան, թե ո՛րն է խախտումը, որովհետև հեղինակային իրավունքի պահպանությունը և պաշտպանությունը, նախևառաջ, փոխհարաբերությունների մշակույթ են և, եթե մենք ուզում ենք նպաստել ստեղծագործողի կարգավիճակի բարձրացմանը, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր աշխատանքի համար պետք է վճարել: Մենք անընդհատ զայրանում ենք, որ մեր հարևանները մեզնից գողանում և յուրացնում են մեր երգերը, մշակութային ժառանգությունը։ Այս համատեքստում շատ կարևոր է թե՛ պետության, թե՛ «Հայհեղինակ»-ի դերակատարությունը: Առանց պետության աջակցության անհնար է որևէ բան անել, իսկ որպեսզի մեր հարևանները մեր ստեղծագործությունները չգողանան, մեր պետության ներսում պետք է կարողանանք այդ իրավունքը պաշտպանել, գրանցել, ավանդադրել այդ ստեղծագործությունները, որպեսզի ցանկացած խախտման դեպքում հեղինակները կարողանան պաշտպանել իրենց իրավունքները:
-Ինչպե՞ս է աշխատում հեղինակային իրավունքի պաշտպանության շղթան և «Հայհեղինակ»-ն ինչպե՞ս կարող է օգնել ստեղծագործողին՝ պաշտպանելու իր իրավունքները:
-Հեղինակը պետք է գրանցի իր ստեղծագործությունը, որպեսզի այն օգտագործելու դեպքում «Հայհեղինակ»-ն իրավունք ունենա հեղինակային վարձատրություն հավաքել և բաշխել, բայց ստեղծագործության գրանցումը դեռևս չի նշանակում 3-րդ անձանց ոտնձգություններից պաշտպանություն, դա կարող է լինել միայն կամավոր ավանդադրման (դեպոնացման) պարագայում: Հեղինակը խախտումների վերաբերյալ պետք է ներկայացնի նաև ստույգ ապացույցներ: Մենք նպատակ ունենք ստեղծել միջազգային արբիտրաժ, իրավաբանական, փաստաբանական և հաշտարարական ծառայություններ մատուցելու հեղինակների իրավունքների պաշտպանության ոլորտում: «Հայհեղինակ»-ը լինելու է ստեղծագործողների իրավապաշտպանը, որպեսզի հեղինակներն իրենց ավելի պաշտպանված զգան: Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող է հեղինակային իրավունքը խախտել և մնալ անպատիժ: