Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայտնի գործարար Գևորգ Ավետիսյանը սեպտեմբերի 22-ին հանդես կգան համատեղ բանախոսությամբ
2 րոպեի ընթերցում

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում սեպտեմբերի 22-ին Ստանիսլավսկու անվան թատրոնի մեծ բեմում հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Չեխիայում հայտնի հայ գործարար, «Մառլենկա» ընկերության հիմնադիր Գևորգ Ավետիսյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգում ներառված են Նիկոլ Փաշինյանի «Իմանալ ինչպես» բանախոսությունը, Գևորգ Ավետիսյանի «Հրաշք մեղրով» բանախոսությունը և հարցուպատասխանի հնարավորություն։
Գևորգ Ավետիսյանը մանկությունը և երիտասարդության մի մասը անցկացրել է Երևանում, ապա ընտանիքով մեկնել Չեխիա, որտեղ հիմնադրել է «Մառլենկա» ընկերությունը։ Նրա հաջողության պատմությունը բազմիցս օրինակ է բերվել՝ որպես բիզնեսում հաջողության խորհրդանիշ։ Ավետիսյանը հայտնվել է «Forbes»-ի շապիկին, արժանացել Չեխիայի նախագահի պետական պարգևի և ճանաչվել երկրի լավագույն գործարարներից մեկը։
«Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի խոսքով՝ վարչապետը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում իրականացվող իր «Իմանալ ինչպես» բանախոսության ընթացքում միշտ նշում է «Մառլենկա»-ի և վերջինիս հիմնադիր Գևորգ Ավետիսյանի հաջողության պատմությունը, և այժմ այն կպատմի հենց ընկերության հիմնադիրն անձամբ։
«Ստանիսլավսկու անվան թատրոնում արդեն գրանցվել է 400-ից ավելի մասնակից, ուղարկել ենք նաև 180 հրավեր` գործարարներին, հանրային գործիչներին, արվեստագետներին, հիմնադրամի գործընկերներին և շահառուներին: Շտապեք գրանցվել»,- ընդգծեց Թօփալաքեանը։
«Կրթվելը նորաձև է» շարժման նպատակն է խթանել շարունակական կրթության մշակույթը և տարածել «մարդը կրթվում է ողջ կյանքի ընթացքում» գաղափարախոսությունը։ Շարժմանը ներկայումս միացել է ավելի քան 11 հազար մասնակից։
Միջոցառումը կսկսվի սեպտեմբերի 22-ին ժամը 13:00-ին։ Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղումով․