Եվրոպա

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է պաշտպանությունը Լեհաստանում ռուսական ԱԹՍ-ների խոցումից հետո

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է պաշտպանությունը Լեհաստանում ռուսական ԱԹՍ-ների խոցումից հետո

ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ զորքեր, հրետանի և հակաօդային պաշտպանության համակարգեր են ուղարկում՝ ամրացնելու Դաշինքի արևելյան թևը սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Լեհաստան մտած ԱԹՍ-ներից մի քանիսը խոցվել էին երկրի օդային տարածքում, մի քանիսն էլ ընկել էին, այնուհետև հայտնաբերվել Լեհաստանի արևելյան շրջաններում։ 

Նիդեռլանդները և Չեխիան, ի պատասխան այս միջադեպի, հայտարարել են, որ պաշտպանական համակարգեր կուղարկեն Լեհաստան, իսկ Գերմանիան Լիտվա կուղարկի մեկ բրիգադ։

Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը կուղարկի երեք «Ռաֆալ» կործանիչներ՝ Լեհաստանի օդային տարածքը պաշտպանելու նպատակով։ 

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել էր, որ Նիդեռլանդներն ուղարկելու են պաշտպանական համակարգեր, հրետանի և 300 զինծառայող, իսկ Չեխիան՝ ուղղաթիռներ և 100 զինծառայող։ Շվեդիան ևս Լեհաստան կուղարկի ՀՕՊ միջոցներ և ավիացիա։ 

Միջադեպի առնչությամբ Լեհաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին ավելի ուշ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում