Մերձավոր Արևելք

Կատարը խստորեն է արձագանքել Նեթանյահուի հայտարարություններին

2 րոպեի ընթերցում

Կատարը խստորեն է արձագանքել Նեթանյահուի հայտարարություններին

Կատարը սեպտեմբերի 11-ի առավոտյան կոշտ հայտարարությամբ հակադարձել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ «անխոհեմ» որակելով նրա խոսքերը երկրում Համասի գրասենյակ տեղակայելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X սոցիալական ցանցում Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Նեթանյահուն լիովին տեղյակ է, որ Համասի գրասենյակի հյուրընկալումը տեղի է ունեցել Կատարի միջնորդական ջանքերի շրջանակում, որոնք պահանջել են Միացյալ Նահանգները և Իսրայելը։ Նա նաև տեղյակ է, թե ինչ դերակատարում ունի այդ գրասենյակը բազմաթիվ փոխանակումների և հրադադարների հաստատման գործում, ինչը լայնորեն ճանաչվել ու գնահատանքի է արժանացել միջազգային հանրության կողմից։

Բանակցությունները միշտ անցկացվել են պաշտոնական և թափանցիկ եղանակով՝ միջազգային աջակցությամբ և ԱՄՆ-ի ու Իսրայելի պատվիրակությունների ներկայությամբ։ Նեթանյահուի ակնարկը, որ Կատարը գաղտնի կերպով ապաստան է տվել Համասի պատվիրակությանը, հուսահատ փորձ է արդարացնելու ամբողջ աշխարհի կողմից դատապարտված հանցագործությունը»։

Կատարի ԱԳՆ-ից հայտնել են, որ աշխատելու են գործընկեր երկրների հետ՝ երաշխավորելու, որ Նեթանյահուն պատասխանատվության ենթարկվի, իսկ նրա անխոհեմ ու անպատասխանատու գործողությունները դադարեցվեն։

Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախազգուշացրել էր Կատարին՝ կամ արտաքսել Համասի ներկայացուցիչներին, կամ արդարադատություն հաստատել նրանց նկատմամբ։ «Եթե դուք դա չանեք, մենք դա կանենք»,- հայտարարել էր նա՝ մեղադրելով նաև Կատարի իշխանություններին Համասին ապաստան տալու ու ֆինանսավորելու մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում