Աշխարհ

Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է երկրի ամբողջ տարածքում սեպտեմբերի 10-ին կազմակերպված «Ամեն ինչ արգելափակենք» բողոքի շարժման կապակցությամբ 80 000 աշխատակցի է տեղակայել՝ զրահատեխնիկայի և ուղղաթիռների աջակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

ՆԳ նախարարության տվյալներով՝ մինչև կեսօր ոստիկանությունը մոտավորապես 200 մարդու է ձերբակալել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում սկսված անկարգությունների ժամանակ, որոնց մեծ մասը՝ Փարիզում։

Բյուջեում խիստ խնայողություն կատարելու դեմ բողոքի ակցիաները կազմակերպվել են սոցիալական ցանցերի միջոցով։ Բողոքի նախաձեռնողները՝ տարբեր ձախակողմյան և արհմիութենական կազմակերպություններ, կանխատեսում են, որ ցույցերին կմասնակցի շուրջ 100 000 մարդ։

Խոսքը ոչ միայն ցույցերի, այլև տրանսպորտի, հաստատությունների աշխատանքի արգելափակման և, ինչպես գրում են ֆրանսիական լրատվամիջոցները, «սաբոտաժի ակտերի», բարիկադների կառուցման մասին է։ Հաղորդվում է Փարիզի շրջանում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի բազմաթիվ խափանումների մասին։

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի մայրաքաղաքից բացի, ցուցարարները դուրս են եկել Մարսելի, Լիոնի, Բորդոյի, Նանտի, Ռենի, Գրենոբլի և մյուս խոշոր քաղաքների փողոցներ: 

Առանձին վայրերում ցուցարարների գործողությունները վերաճել են ոստիկանության հետ բախումների և անկարգությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում