Հայաստանի և Հունաստանի միջև պաշտպանական ուղղությամբ ինտենսիվ համագործակցությունը համարում եմ կարևորագույններից. Տիգրան Մկրտչյան
11 րոպեի ընթերցում

Կրետեի շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել առաջատար շրջանային ecriti.gr լրատվամիջոցին:
«Արմենպրես»-ը դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հայերեն թարգմանությամբ հոդվածը ներկայացնում է ստորև.
- Դուք Հերակլիոնում էիք Եվրոպայում ամենահին հայկական եկեղեցում տեղի հայ համայնքի կազմակերպած միջոցառումների առթիվ։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեք։
- Ես այստեղ էի գտնվում մի քանի պատճառներով։ Նախ, Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացրեց լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական ժառանգությանը։ Դա բացառիկ ցուցահանդես է, որոնք ՄԹ-ում ՀՀ նախկին դեսպան և Հայաստանի դիվանագիտական ակադեմիայի նախկին տնօրեն Վահե Գաբրիելյանն է կատարել։ Ժամանակին ծավալուն երկհատորյակ է հրատարակվել՝ 500 նկարներով։ Ես առաջարկել էի նրան, որպեսզի ընտրի դրանցից 50 լավագույնները, որոնք ցուցահանդեսի ձևաչափով հնարավոր կլինի ցուցադրել։ Դա դեռ նախատեսում էի կազմակերպել իմ նախորդ առաքելության ժամանակ, երբ Լիտվայում էի։ Սակայն ՔՈՎԻԴ-ի պատճառով այն հնարավոր չեղավ իրականացնել։ Ուստի, արդեն երբ Աթենքում էի, 2023 թ․ ՀՀ անկախության տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ միաժամանակ այս ցուցահանդեսը կազմակերպեցինք Աթենքի համալսարանի հետ միասին։ Ցանկացած մեկի մոտ, ով թեկուզ մի քանի րոպե անց է կացնում այս նկարների առջև Հայաստան այցելելու ցանկություն է առաջանում։ Իսկ հույների պարագայում յուրաքանչյուր հույն կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է այցելի Հայաստան և լինի Գառնիի հելենիստական տաճարում։ Բառերով այն նկարագրել հնարավոր չէ։
Հաջորդն պատճառն իմ այցի արդեն Հերակլիոնում Սբ Կարապետ եկեղեցում Սուրբ Հավհաննես Մկրտչի մասունքների զետեղումն էր, որը Ռումինիայից էր բերվել՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առաջնորդ Տ․ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանի կողմից։ Սա չափազանց կարևոր նշանակություն ունի բոլոր քրիստոնյաների համար։ Եւ այդ միջոցառումը համատեղվեց Նիկիայի Առաջին Տիեզերական ժողովին նվիրված միջոցառման հետ։ Ուստի Կրետեի հայոց հոգևոր տեսուչ Տ․ Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանն ինձ առաջարկեց, որ ցուցահանդեսը հենց եկեղեցու բակում կազմակերպվի, քանի որ բավական մեծ թվով այցելուներ էին գալու և այն կհամաձուլվեր նաև մյուս անչափ կարևոր եկեղեցական միջոցառումների հետ։ Եթե այս առիթը չլիներ, ցուցահանդեսը Հերակլիոնի քաղաքապետարանի հետ մեկ այլ տեղում էր կազմակերպվելու։
Եվ երրորդ, սակայն ոչ պակաս կարևոր պատճառը այցելության այն էր, որ ժամանակն էր Կրետեի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպել։ Հանդիպումները չափազանց հետաքրքիր էին և մի շարք գաղափարներ ու նախաձեռնություններ հնարավոր կլինեն իրականացնել։ Սա իրականում Հայաստանի դեսպանի առաջին պաշտոնական այցն էր Հունաստանի անչափ կարևոր այս շրջան։
- Կրետեում եպիոսկոպոսի ներկայությամբ հայկական եկեղեցու ու համայնքի դիրքերն ավելի է բարձրացրել։ Որքա՞ն կարևոր է այս հանգամանքը սփյուռքում ապրող հայերի համար։
- Դարեր ի վեր, հատկապես պետականության բացակայության պայմաններում հայերը համախմբված են եղել եկեղեցու շուրջ։ Իսկ աշխարհասփյուռ հայության առավել ընդարձակվելուց հետո Հայոց ցեղասպանության ու ջարդերի հետևանքով եկեղեցիների դերը նրանց համախմբելու, ինքնության պահպանմանն ուղղված ջանքեր ներդնելու ուղղությամբ բարձրացավ։ Կրետեում Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի նման հոգևորականի առկայությունը մեծ պատիվ է ոչ միայն տեղի հայ համայնքի, այլ նաև Կրետեի համար։ Եզնիկ Սրբազանը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ամենահարգված հոգևորականներից մեկն է, ով միաժամանակ խոշոր աստվածաբան է։ Տեղի համայնքը այս ամենը տեսնում և գնահատում է։
- Կրետեում ձեր այցելած վայրերից որո՞նք ձեզ ամենից շատ դուր եկան։ Հայերին դուք խորհուրդ կնայի՞ք ընտրել կղզին զբոսաշրջության համար։
- Կրետե ես այցելել եմ 10 տարի առաջ որպես զբոսաշրջիկ և իմ կարծիքով այն աշխարհի ամենահրաշալի ու ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Իմ առավել սիրած վայրերն են Խանիան իր շրջակայքով և Հերակլիոնի հնագիտական թանգարանը։ Այստեղ ոչ միայն կան գեղեցիկ ծովափեր, որոնց նմանները հատուկենտ վայրերում կան, այլ նաև այստեղ է հունական քաղաքակրթության բնօրրաններից մեկը։ Հին հունական հնագիտական վայրերով Կրետեն չի զիջում և ոչ մի այլ վայրի։ Միաժամանակ Կրետեի խոհանոցը առանձնահատուկ է և բավական բարձրօրակ։ Վերջում, թեև ամենակարևոր գործոնը, դա կրետացիներն են, որոնք չափազանց ջերմ եմ, ընկերասեր և թերևս հայերին շատ նման։
- Հայ-հունական հարաբերություններն ավանդաբար բարեկամական են։ Կա՞ն ուղղություններ, որտեղ հնարավոր է զարգացնել այդ հարաբերությունները։
- Հայաստան-Հունաստան հարաբերությունները արյունակցական եղբայրության հարաբերություններ են։ Դրանք ավանդաբար եղբայրական են եղել։ Սակայն մյուս կողմից, չի կարելի այդ հանգամանքն ընդունել որպես ի գիտություն ու ոչինչ չանել (we should not take these relations for granted)։ Բերքատու ծառը մշտապես պետք է ջրել և մշակել։ Հակառակ դեպքում այն կչորանա։ Նույնը կարելի է ասել նաև եղբայրական երկրների միջև հարաբերությունների մասին։ Մշտապես պետք է աշխատել, համագործակցության նոր ուղիներ փնտրել, պրպտել և արդյունքները երկար սպասեցնել չեն տա։
- Ինչպե՞ս կարող են երկու համայնքները՝ հայերը՝ Հունաստանում, և հույները՝ Հայաստանում, պրակտիկորեն նպաստել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
- Հայաստանը և Հունաստանը անկախ պետություններ են և քաղաքական հարաբերությունները կառուցվում են ուղիղ շփումներում։ Համայնքները և դեսպանությունները տեղերում կարող են համագործակցել տարաբնույթ մշակութային ձեռնարկներում, թեև Հայաստանի պարագայում առկա է նաև Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը։ Դեսպանությունները կարող են նաև հնարավորության սահմաններում աջակցել համայնքներին տարբեր առիթներով։ Հունահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ներգրավված են Հունաստանի հասարակական-քաղաական, մշակութային, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում, մեծ հարգանք են վայելում, և այդպիսով իսկ մեծ դերակատարություն ունեն հույների մոտ հայերի դրական ընկալումներում։ Նույնը կարող եմ ասել նաև Հայաստանում փոքրաթիվ, սակայն բավական ակտիվ, հունական համայնքի մասին։ Նրանք ունեն նաև անուրանալի դեր երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։
-Այսօր ո՞ր ոլորտներում է համագործակցությունը զարգանում Հունաստանի և Հայաստանի միջև։
- Հայաստանի և Հունաստանի հարաբերություններն այնպիսին են, որ համագործակցություն առկա է գրեթե բոլոր ոլորտներում։ Նախ, երկրները բավական ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում։ Մեր երկրների վարչապետների ու ԱԳ նախարարների տարեկան կտրվածքով պարբերական հանդիպումներով։ Առկա է բավական ինտենսիվ համագործակցություն պաշտպանական ուղղությամբ, որը ես համարում եմ կարևորագույններից մեկը։ Վերջերս բավական մեծ թափով ինտենսիվացել են հարաբերությունները նաև գիտության, կրթության և մշակույթի բնակագավառներում։ Այս պահին զարգացում է ապրում նաև զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների միջև համագործակցությունը։ Մշտապես ջանք է ներդրվում նաև տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հայաստան-Հունաստան հարաբերությունները իրենց բնույթով ռազմավարական են և ժամանակի խնդիր է, թե երբ ի պաշտոնե այդպիսին դրանք հռչակվեն։
Հայաստանը Սալոնիկում իր պատվո հյուպատոսության միջոցով Սալոնիկի ցուցահանդեսների մշտական մասնակիցներից է և ակտիվորեն փորձում է առաջ մղել տնտեսական դիվանագիտությունը։
- Մշակույթից և պատմությունից զատ, ի՞նչ այլ ընդհանրություններ եք դուք տեսնում մեր երկու ժողովուրդների միջև։
- Վերջերս իմ հանդիպումներից մեկի ժամանակ մի պաշտոնյա ընդգծեց որ մենք ընդհանուր անցյալ ունենք, ընդհանուր ցավ ունենք, նույն մարտահրավերներին ենք բախվել։ Համաձայնելով այդ ամենին՝ ես նշեցի, որ մենք հիմա պետք է կենտրոնանանք միասին այդ դժվարությունները հաղթահարելու վրա։ Հետևաբար, միասին ճգնաժամային իրավիճակներից դուրս գալը նույնպես կարող է հետաքրքիր փորձառություն լինել։ Իսկ դա մենք կարող ենք անել, եթե ունենանք կառուցելու, ստեղծագործելու ու ստեղծելու, ըստ այդմ ուժեղանալու և առավել դիմացկուն լինելու կամք, միմյանց մշտապես աջակցելու աներկբա վճռականություն։
Մեր ժողովուրդների առանձնահատկություններից մեկը դա արժեհամակարգն է իհարկե։ Հույներն ու հայերը անկախ մտածելակերպ ունեցող հնագույն քրիստոնյա ժողովուրդներ են և հավանաբար այդ հանգամանքն է նաև եղել պատճառներից մեկը, որի հետևանքով նրանք պատմության ընթացքում մեծ դժվարությունների են բախվել։ Սակայն կարծում եմ, որ այդ արժեհամակարգը և լուսավոր ապագա կառուցելու կամքը կլինեն այն լուծումները, որոնք կստեղծեն մեր ժողովուրդների համար հնարավորություններ 21-րդ դարում։
- Հունաստանում ձեզ ամենիչ շատ ի՞նչն է տպավորում։
- Հունաստանում շատ բաներ են տպավորիչ։ Սակայն լինելով Հին Հունաստանի պատմության սիրահար, այստեղ Կրետեում չեմ կարող չնշել մեկը։ Ինձ ամենից շատ տպավորում է Կրետե-միկենյան մշակույթի զարգացվածությունը։ Դժվար է հավատալ, թե ինչպես են մարդիկ Ք․Ա․ 3-2-րդ հազարամյակներում ստեղծել նման փառահեղ և խիստ բարձրաճաշակ մշակույթ, զարգացվածության ինչպիսի մակարդակ է եղել, որը թույլ է տվել դա անել։
Մեկ այլ բան էլ կարող եմ նշել։ Ուսանողության տարիներին իմ անտիկ պատմության ուսուցիչ, ԵՊՀ պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը կես-կատակ, կես-լուրջ ասում էր, որ ցանկացած քաղաքակիթր մարդու մեջ առկա է հունականության ինչ-որ աստիճան։ Ես դա մեկնաբանում եմ քաղաքակրթական դիտանկյունից։ Հունական քաղաքակրթությունը իր հիմնումից ի վեր այնպիսի արժեհամակարգ է ժառանգել մարդկությանը, որ ցանկացած քաղաքակիրթ մարդու մոտ այդ արժեհամակարգն այս կամ այն չափով արտահայտվում է։ Հունականության համամարդկային բնույթն իսկապես տպավորիչ է։