Թուրքիա

Կատարի էմիրն Էրդողանի հետ քննարկել է Դոհայում Իսրայելի իրականացրած հարձակումը

2 րոպեի ընթերցում

Կատարի էմիրն Էրդողանի հետ քննարկել է Դոհայում Իսրայելի իրականացրած հարձակումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին հեռախոսազրույցում քննարկել են Դոհայում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամների վրա Իսրայելի իրականացրած հարձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի հաղորդակցության վարչությունը։

Էրդողանը ցավակցություն է հայտնել «սարսափելի հարձակման» ժամանակ մարդկային կորուստների կապակցությամբ՝ հավելելով, որ Անկարան կանգնած է Կատարի ժողովրդի կողքին։

Էրդողանը դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ այն «նպատակ ունի խորացնել տարածաշրջանային հակամարտությունը և ակնհայտորեն խախտում է բարեկամ դաշնակից Կատարի ինքնիշխանությունը»։

Երկու առաջնորդները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը Գազայում կոտորածները դադարեցնելու ուղղությամբ, որտեղ զոհերի թիվը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր գերազանցել է 64 000-ը։

Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ իրականացրել են «ճշգրիտ հարված՝ ուղղված պաղեստինյան շարժման ավագ ղեկավարությանը»։ Հարձակումը դատապարտման է արժանացել ինչպես տարածաշրջանի, այնպես այլ երկրների կողմից։

Կատարի էմիրը հեռախոսազանգեր է ստացել Սաուդյան Արաբիայի թագաժառանգից, Հորդանանի թագավորից, Քուվեյթի էմիրից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Իրանի, Լիբանանի, Սոմալիի Դաշնային Հանրապետության, Մավրիտանիայի նախագահներից և Գերմանիայի կանցլերից, ինչպես նաև Միացյալ Թագավորության, Պակիստանի և Իրաքի վարչապետներից և Սուդանի Հանրապետության անցումային ինքնիշխանության խորհրդի նախագահից,  որոնք իրենց համերաշխությունն են հայտնել Դոհային Իսրայելի հարձակումից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում