Տնտեսություն

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացու թոշակը կլինի նրա վերջին աշխատավարձի մոտ 40 տոկոսի չափով. ԿԲ նախագահ

2 րոպեի ընթերցում

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացու թոշակը կլինի նրա վերջին աշխատավարձի մոտ 40 տոկոսի չափով. ԿԲ նախագահ

Ըստ որոշակի հաշվարկների՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացիները, որոնք սկսել են աշխատել, օրինակ, 20 տարեկանից, կենսաթոշակային տարիքում կստանան թոշակ, որը համապատասխան կլինի իրենց վերջին աշխատավարձի մոտ 40 տոկոսին:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից ասաց 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցերին:  

«Կենսաթոշակային ֆոնդը կառավարում է քաղաքացու գումարները, որ քաղաքացին, երբ անցնի թոշակի, ունենա նորմալ եկամտի միջոց՝ իր կյանքը շարունակելու համար»,–ասաց Գալստյանը: 

Ըստ նրա՝ խելամիտ չէ, որ կենսաթոշակային ֆոնդերը քաղաքացիների խնայողությունների հաշվին անեն ռիսկային ներդրումներ: Նրանք պետք է հիմնական ներդրումներն անեն այն ուղղություններում, որոնք ավելի քիչ ռիսկ են պարունակում: 

«Վերջերս ԱԺ–ն հնարավորություն ընձեռեց կենսաթոշակային ֆոնդերին առկա միջոցների 10 տոկոսն ուղղել տնտեսության իրական հատված: Դա կենսաթոշակային ֆոնդերը կանեն: Բայց, որպես կանոն, աշխարհի բոլոր երկրներում կենսաթոշակային ֆոնդերը համարվում են ամենապահպանողական ներդրողները, որոնք ներդրումն անում են 0 ռիսկին մոտ ակտիվների մեջ, որոնց մի մասը հենց պետական պարտատոմսերն են»,-ասաց ԿԲ նախագահը:  

Նա ընդգծեց՝ ներդրումների հիմնական նպատակը մարդկանց գումարները գնաճից պաշտպանելն է: Նույնը կենսաթոշակային ֆոնդերի դեպքում է:  

Այս պահի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի՝ գնաճով ճշգրտված եկամտաբերությունը մոտ 7 տոկոս է:  

«Մեր հաշվարկներով՝ մարդը, որը սկսել է աշխատել 20 տարեկանից ու 63 կամ 65 տարեկանում գնալու է թոշակի, ի տարբերություն մեր ծնողների, որոնք այսօր ստանում են ցածր թոշակ, մենք ունենալու ենք թոշակ, որը համապատասխանելու է մոտավորապես մեր վերջին աշխատավարձի 40 տոկոսին»,-ասաց ԿԲ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում