Քաղաքակրթությունների երկխոսությունը կայուն զարգացման կարևոր գործիք է. Չինաստանում անցկացվում է մեդիայի և ուղեղային կենտրոնների միջազգային համաժողով

4 րոպեի ընթերցում

Չինաստանի Յուննան նահանգի Կունմին քաղաքում մեկնարկել է Global South Media and Think Tank Forum 2025-ը, որին մասնակցում են տարբեր տարածաշրջանների 110 երկրների 500-ից ավելի պատվիրակներ` պաշտոնատար անձինք, գիտնականներ, լրատվական կառույցների և ուղեղային կենտրոնների ղեկավարներ ու փորձագետներ, լրագրողներ և գիտնականներ։

Հայաստանը ֆորումին ներկայացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայության ղեկավար Ջոնի Մելիքյանը և «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը։

Համաժողովը համատեղ կազմակերպել են «Սինխուա» լրատվական գործակալությունը, Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության Յուննանի նահանգային կոմիտեն և նշված նահանգի ժողովրդական կառավարությունը։

«Սինխուա» լրատվական գործակալության նախագահ Ֆու Խուան բացման արարողությանն ընդգծեց գլոբալ հարավի երկրների հետազոտական կարողությունների մեկտեղման, բազմակողմ փոխանակման մեխանիզմների օգտագործման, ողջ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման նպատակով շարժիչ ուժերի մոբիլիզացման անհրաժեշտությունը։ 

Որպես Չինաստանի ազգային լրատվական գործակալություն` «Սինխուա»-ն նպատակ ունի նմանատիպ նախաձեռնություններով ստեղծել ու ամուր հիմքերի վրա դնել Գլոբալ հարավի երկրների համատեղ հաղորդակցության գործընկերային ցանց, որի մեկնարկի մասին ազդարարվեց համաժողովի ընթացքում։ Ցանցը կարող է ներառել ավելի քան 1000 լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների և այլ հաստատությունների՝ տարբեր տարածաշրջանների 95 երկրներից։

Համաժողովի` «Մշակութային կամուրջ, փոխըմբռնման խթանում» խորագրով պլենար նիստի ընթացքում իր ելույթում «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանն ընդգծեց` թեման խորապես համահունչ է Հայաստանի պատմական փորձին. գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը հազարամյակներ շարունակ եղել է մշակութային կամուրջ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև։ 

«Հայ ժողովրդի տոկունությունն ու երկխոսության պատրաստակամությունը կենդանի ապացույց են, որ նույնիսկ ամենափոքր ազգերը կարող են ուղի հարթել համաշխարհային փոխըմբռնման համար։ Մշակույթը մեղմ ուժ չէ, այն ռազմավարական ուժ է։ Մշակույթի միջոցով ենք մենք կոտրում կարծրատիպերը, կառուցում փոխադարձ հարգանք։ 

Գերիշխող անվստահության, բևեռացման, տեղեկատվական պատերազմների այս ժամանակաշրջանում քաղաքակրթությունների միջև երկխոսությունը դառնում է խաղաղության կառուցման և կայուն զարգացման կարևոր գործիք։

Մենք հավատում ենք, որ արժանապատվության և ճշմարտության վրա հիմնված լրատվությունը դիվանագիտության հզոր ձև է։

Մենք նաև գիտակցում ենք լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների միջև գործընկերային հարաբերություններ կառուցելու կարևորությունը։ Եկեք համատեղ ստեղծենք հարթակներ, որոնք միավորում են ակադեմիական գիտելիքները և լրագրողական կարողությունները, որպեսզի քաղաքակրթական երկխոսությունը դուրս գա հռչակագրերի սահմաններից և դառնա ամենօրյա պրակտիկա»,-նշեց Նարինե Նազարյանը։

Համաժողովը նմանօրինակ միջազգային երկրորդ միջոցառումն է. անդրանիկ ֆորումն անցկացվել է 2024թ. նոյեմբերին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։

Ֆորումի մասնակիցների համար կազմակերպված տուրերի միջոցով Յուննան նահանգը փորձում է հյուրերի համար բացահայտել իր արտադրական հզորությունները, զբոսաշրջային գրավչությունը, նորարարական կարողությունները և մարդկային պարզ ու մաքուր ջերմությունը։ 

Հայերեն English Français Русский 中文

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին