Բարձր տեխնոլոգիաներ

Վարդենիսում կգործարկվի Թումո տուփ՝ AMAA-ի հետ համագործակցությամբ

2 րոպեի ընթերցում

Վարդենիսում կգործարկվի Թումո տուփ՝ AMAA-ի հետ համագործակցությամբ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կտեղադրվի Թումո տուփ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հետ համագործակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Օրերս Թումոն և AMAA-ը ստորագրեցին հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է տեղադրել և շահագործել Թումո տուփ AMAA-ի կողմից կառուցվող կրթահամալիրի տարածքում։ Ամեն շաբաթ Վարդենիսից և մերձակա բնակավայրերից 12-18 տարեկան շուրջ 320 պատանի հնարավորություն կունենա իր համայնքում ուսումնասիրելու տեխնոլոգիաների և դիզայնի նորարարական ոլորտներ։

AMAA-ի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը
AMAA-ի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը

AMAA-ի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը Վարդենիսի Թումո տուփում ուսանողները կանցնեն ինքնուսուցման վարժանքներ, իսկ դասընթացների և աշխատարանների համար Թումոյի տրամադրած անվճար տրանսպորտով կմեկնեն Թումո Դիլիջան, որին արդեն կցված են Սևանում, Գավառում, Ճամբարակում, Իջևանում, Ազատամուտում, Բերդում, Արծվաբերդում և Ստեփանավանում գործող Թումո տուփերը։ 

Վարդենիսի Թումո տուփում ուսանողների գրանցումը հասանելի կդառնա շուտով, ինչի մասին ծանուցումը կտեղադրվի Թումոյի սոցիալական էջերում:

Թումոյի կրթական ծրագիրը հասանելի է Հայաստանի ամենատարբեր անկյուններում: Առաջին Թումո կենտրոնն իր դռները բացել է 2011 թվականին Երևանում։ Այսօր արդեն գործում է 6 կենտրոն կից տուփերով, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21000 պատանի, ինչպես նաև 1000 շրջանավարտ։ Երևանից բացի՝ Թումո կենտրոններ են կան Դիլիջանում, Գյումրիում, Կողբում, Եղեգնաձորում և Կապանում:

Թումոն Հայաստանում հասել է այնպիսի հեռավոր և սահմանամերձ բնակավայրեր, ինչպիսիք են՝ Աշոցք, Ախուրյան, Ազատամուտ, Բերդ, Ճամբարակ, Մեղրի, Քաջարան, Շնող, Օձուն, Ալավերդի, Դսեղ, Վայք, Աղավնաձոր, Արթիկ, Մարալիկ, իսկ շուտով արդեն Վարդենիս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում