Երևան

Երևանում մանկապարտեզների հիմնանորոգման ու վերակառուցման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում

3 րոպեի ընթերցում

Երևանում մանկապարտեզների հիմնանորոգման ու վերակառուցման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում

Երևանի քաղաքապետարանի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ու վերակառուցման ծրագրերի շրջանակում 2025 թվականին շահագործման կհանձնվի ևս  6 մանկապարտեզ՝ Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջաններում։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ հավելելով, որ շինարարության որակի հետ կապված թերացումներ են ի հայտ եկել Նոր Նորք վարչական շրջանի հ․105 մանկապարտեզում, որոնց պատճառով շենքը շահագործման չի ընդունվել և շինարարին հանձնարարվել է հավելյալ աշխատանքներ իրականացնել։։

«2026 թվականին նախատեսում ենք  հ․156 և 140 մանկապարտեզների հիմնանորոգումը կամ վերակառուցումը։ Ներկա պահին ունենք նախագծման փուլում գտնվող 12 մանկապարտեզ, իսկ 5-ի համար նախագծահաշվային փաստաթղթերն են նախապատրաստվում»,-ներկայացրեց Փամբուխչյանը։

Նրա խոսքով, քաղաքապետարանը կարևորելով մանկապարտեզների հիմնանորոգումն ու վերակառուցումը՝ յուրաքանչյուր տարի այդ նպատակով հատուկ գումար է նախատեսում։ Մասնավորապես՝  ընթացիկ տարում մանկապարտեզների հիմնանորոգման ու վերակառուցման ծրագրով  բյուջեից մոտ 2 միլիարդ դրամ է նախատեսվել։

Քաղաքապետի առաջին տեղակալը մանրամասնեց, որ 2021-2024 թվականների ընթացքում հիմնանորոգվել, վերակառուցվել կամ կառուցվել է Երևանի՝ ընդհանուր առմամբ 26 մանկապարտեզ։ 

Փամփոխչյանի պարզաբանմամբ՝ առաջնահերթությունը տրվում է այն մանկապարտեզներին, որոնց սեյսմիկ և շենքային պայմանները գտնվում են անբարվոք վիճակում։

«Հաշվի է առնվում մանկապարտեզների սեյսմիկ վիճակը։ Եթե սեյսմիկ անվտանգությունը թույլ է տալիս, ապա հարդարման աշխատանքներ ենք իրականացնում։ Ունենք վարչական շրջաններ, որտեղ ելնելով սեյսմիկ և ոչ բարվոք վիճակից, առաջնահերթություն ենք տալիս, որպեսզի բյուջեով նախատեսենք տվյալ մանկապարտեզների հիմնանորոգումը կամ վերակառուցումը»,-ասաց փոխքաղաքապետը։

Նա ընդգծեց, որ մանկապարտեզներում իրականացվող շինարարության ծրագիրն իրականացվում է նաև նախկինի համեմատ ավելի շատ խմբեր ունենալու տրամաբանությամբ՝ նպատակ ունենալով կառավարել հերթերը, նաև բացառել դրանք։

Անդրադառնալով շինարարության որակի վերահսկողությանը՝ Արման Փամբուխչյանը մանրամասնեց, որ այդ գործընթացն իրականացվում է քաղաքապետարանի Շինբարեկարգման վարչության կողմից։

«Ըստ մեր նախատեսածի՝ շինարարը պարտավոր է ապահովել մրցույթով կայացած նախագծի որակը»,-շեշտեց նա՝ ավելացնելով, որ ի հայտ եկած թերությունները շտկելու խնդիրը շինարարի հետ հիմնականում լուծվում է բանակցությունների արդյունքում, չնայած առկա են նաև իրավական կարգավորումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում