Կրթություն

Ակադեմիական քաղաքի հատակագծում կատարվել են որոշակի փոփոխություններ

2 րոպեի ընթերցում

Ակադեմիական քաղաքի հատակագծում կատարվել են որոշակի փոփոխություններ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հատակագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նախորդ քննարկումների արդյունքում հատակագծում կատարվել են որոշակի փոփոխություններ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: 

Մասնավորապես, փոփոխությունները վերաբերում են կլաստերների դիրքին, կանաչ տարածքներին, ենթակառուցվածքներին և այլն: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել նախագծի մաստեր պլանին, Ակադեմիական քաղաքի տարածքի ներուժի առավելագույնս իրացմանը՝ հաշվի առնելով քաղաքի՝ ապագայում ընդլայնվելու հնարավորությունները:

Քննարկվել են գլխավոր հատակագծով նախատեսվող տրանսպորտային հանգույցին վերաբերող հարցեր: Նշվել է, որ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները կապակցվելու են Ակադեմիական քաղաքում:

Մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, էլեկտրաէներգիայի, ջրի, գազամատակարարման ուղղությամբ առաջիկայում նախատեսվող աշխատանքների շուրջ: Միաժամանակ, ընդգծվել է, որ Ակադեմիական քաղաքում շինարարությունը սկսվելու է փուլային տարբերակով, նախատեսվում է առաջինը մեկնարկել տեխնոլոգիական կլաստերի կառուցման աշխատանքները:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հատակագիծը բերել ավարտական տեսքի և ներկայացնել հաստատման: Վարչապետը կարևորել է նաև կանաչապատման նախագծի մշակումը՝ գործընթացը փուլային տարբերակով կյանքի կոչելու համար:

Շեշտելով, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական առաջնահերթություն՝ երկրի ղեկավարը մի շարք ուղղություններով աշխատանքների իրականացման հետ կապված պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ դրանք համապատասխան ժամանակացույցով իրականացնելու համար:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում