Գավառ համայնքում «Մասնակցային բյուջետավորում 2025» գործընթացի շրջանակներում երկու ծրագիր է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Մասնակցային բյուջետավորում 2025» գործընթացի շրջանակներում արդեն երկու ծրագիր է իրականացվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Նորատուս բնակավայրի Պարույր Սևակ փողոցում տեղադրվել  են մանկական խաղարաններ։ 

Գավառ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ՝ համայնքի 2025 թվականի բյուջեից ծրագրի իրականացման համար հատկացվել է 1 միլիոն 255 հազար դրամ։

Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում ծրագրերը ներկայացնում են բնակիչներն ու երիտասարդական կազմակերպությունները։

Ծրագրերը քննարկվել և հաստատվել են համապատասխան հանձնաժողովի կողմից։ 

Մեկ այլ ծրագրով Նորատուս գյուղի Հովհաննես Թումանյան փողոցում տեղադրվել է յոթ նստարան՝ կից աղբամաններով։ 

«Գավառ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ՝ համայնքի 2025 թվականի բյուջեից ծրագրի իրականացման համար հատկացվել է 1 միլիոն 296 հազար դրամ։

«Մասնակցային բյուջետավորում 2025» գործընթացի շրջանակներում Գավառ համայնքում այս տարի կիրականացվի ևս երեք ծրագիր, որոնք կհամաֆինանսավորվեն պետության կողմից»,-տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն