Արարատում, Եղեգնաձորում և Մարտունիում կկառուցվեն տիպային սպորտային համալիրներ

5 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հաստատել է մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման և շահագործման ծրագիրը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստում հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ռազմավարության շրջանակներում նախատեսված է յուրաքանչյուր խոշորացված համայնքում տիպային մարզահամալիրի կառուցում, որը պետք է ներառի խաղային մարզադահլիճ՝ տարբեր մարզաձևերի զարգացման համար, լողավազան, ֆիտնես սրահ և ծառայի թե՛ հանրության շրջանում ֆիզիկական առողջ ապրելակերպի տարածմանը, թե՛ սպորտի զարգացմանը։ Հարկ է նշել, որ մարզահամալիրում նախատեսված է նաև սրճարանային հատվածի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայություն, ինչը շատ բնակավայրերում կարող է դառնալ նաև ժամանցի նոր միջավայր՝ խթանելով հանրային նոր մշակույթ։ Ակնհայտ է, որ ֆիզիկական առողջ ապրելակերպի և սպորտի զարգացման համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ։ Դրանց զարգացումը, հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները և նաև հետագա արդյունավետ շահագործման խնդիրները, նպատակահարմար է իրականացնել մասնավորի հետ համատեղ՝ ներգրավելով ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների»,- ասել է նախարարը։ 

Նա մանրամասնել է, որ նախնական փուլում ներգրավված է եղել շուրջ 30 կազմակերպություն, սակայն այնուհետև բանակցությունները շարունակվել են առավել հետաքրքրված և առավել գործնական լուծումներ առաջարկող կազմակերպությունների հետ, որոնց արդյունքում էլ ներկայացվել է նախագիծը։ 

Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ համագործակցությունը պլանավորում են իրականացնել 3 համայնքում՝ Արարատի մարզի Արարատ համայնքում, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում։ «Համագործակցությունը իրականացվելու է՝ «Հիլս» բրենդի ներքո մասնագիտացված ծառայություն իրականացնող ընկերության հետ։ Ընկերությունը մինչև այս տարվա ավարտը պետք է տրամադրի տիպային մարզահամալիրների նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք մշակվում են ընկերության միջոցներով և նրանց պատվիրակմամբ։ Այս փաստաթղթերը պետք է անցնեն օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը և համալիր փորձաքննությունից դառնան տիպային նաև մյուս վայրերում մարզահամալիրների կառուցման համար»,- նշել է Անդրեասյանը։ 

2026 և 2027 թվականներին պետության միջոցներով համապատասխան մրցութային ընթացակարգերով ներգրավելով կապալառու կազմակերպություններին՝ կկառուցվեն սպորտային համալիրները։ Կառուցված գույքի նկատմամբ կգրանցվի ՀՀ սեփականության իրավունքը։ 

«Ընկերության կողմից կապահովվի միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային և անհրաժեշտ այլ գույքի և սարքավորումների գնումը և կառուցված սպորտային համալիրների ամբողջական կահավորումը։ Արժեքի 80 տոկոսը նախատեսում ենք իրականացնել պետական բյուջեի միջոցներով, բնականաբար, գույքը կլինի պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության միջոցներով՝ դառնալով նրանց սեփականությունը։ Պլանավորված է նաև գույքի պարբերական թարմացման անհրաժեշտությունը։ Նախատեսվում է, որ մինչև 2027 թվականի ավարտը կառուցված սպորտային համալիրները հավատարմագրային կառավարման կհանձնվեն ընկերությանը՝ մինչև 20 տարի ժամկետով»,- ասել է Անդրեասյանը։ 

Ծրագրով ներկայացված են նաև մարզահամալիրների շահագործման ընթացքում ընկերության և պետության պարտավորությունները։ Ընկերությունը հոգալու է աշխատակիցների վարձատրության և շահագործման այլ հարցերը, իսկ պետությունը մասնակցելու է ֆինանսավորմանը՝ միջոցներ տրամադրելով կոնկրետ խմբերի՝ մարզաձևերով զբաղվելու համար։ 

Նախարարը հավելել է, որ արդեն իսկ ընթացքում են մարզահամալիրների համար հողահատկացման գործընթացները։ Արարատի մարզում հողահատկացումն արված է, իսկ Եղեգնաձորում և Մարտունիում տարածքները տեղորոշված են, համապատասխան գործընթացներն ընթացքի մեջ են։ 

«Կարևոր եմ համարում նշել, որ այս ձևաչափով համագործակցությունը կլինի փորձնական և հնարավորություն կտա այլ համայնքներում, գուցե, համագործակցելով նաև այլ ընկերությունների հետ, կառուցել նմանատիպ մարզահամալիրներ»,- մանրամասնել է նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ սա շրջադարձային ծրագիր է։ 

Հայերեն

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Իսրայելն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել իրար

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը