1 րոպեի ընթերցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Նարեկ Մկրտչյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։
Արսեն Թորոսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում իր առաքելությունը կիրականացնի բարձր պատասխանատվությամբ։
«Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես հավանաբար տեղյակ եք, դադարեցրել եմ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններս և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Վստահ եմ, որ մենք կունենանք համագործակցության բազմաթիվ նոր հնարավորություններ։
Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ ինձ այս կարևոր առաքելությունը վստահելու համար, որը ես կիրականացնեմ մեծ պատասխանատվությամբ»,- գրել է Թորոսյանը։