Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին առնչվող մի շարք պետական ծառայություններ հասանելի են ամբողջությամբ առցանց
2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին առնչվող մի շարք պետական ծառայություններ այսուհետև հասանելի են ամբողջությամբ առցանց՝ https://nature.e-gov.am/hy/ միասնական հարթակի միջոցով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նախարարի խոսքով՝ սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու և կազմակերպության ստանալ անհրաժեշտ թույլտվություններ և ներկայացնել հայտեր առանց որևէ պետական կառույց այցելելու։
Հարթակում հասանելի են հետևյալ ծառայությունները․
Սիրողական ձկնորսության թույլտվություն,
Ջրօգտագործման թույլտվություն,
Վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցում (իրավաբանական անձանց համար),
Սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվություն,
Այլ բնապահպանական հայտերի ներկայացում։
Համակարգը կապակցված է պետական շտեմարաններին, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ բացառել ավելորդ փաստաթղթաշրջանառությունը։
«Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է բնապահպանական կառավարման արդիականացման և թվային պետական ծառայությունների զարգացման ուղղությամբ։ Այն միաժամանակ ապահովում է թափանցիկություն, արդյունավետություն և քաղաքացիների համար առավել հարմարավետ պայմաններ»,- գրել է Մաթևոսյանը։