Իրան

Հայաստանը Իրանից աշխատուժ և փորձագետներ կներգրավի 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Իրանից աշխատուժ և փորձագետներ կներգրավի 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրում

Հայաստանը և Իրանը ստորագրել են քաղաքաշինության ու շինարարության ոլորտներում համագործակցության մասին հուշագիր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ 

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը։ 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փաստաթղթով նախանշվել են համագործակցության հիմնական մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ Իրանից փորձագետների և աշխատուժի ներգրավում ՀՀ-ում իրականացվող 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրում, փորձի փոխանակում տարածական պլանավորման, գոտիավորման, տեխնիկական և ինժեներական այլ ծառայությունների ոլորտներում։ Կողմերը համագործակցելու են նաև շենքերի, շինությունների կառուցման ու շահագործման, էներգախնայողության նորարարական լուծումների ներդրման, ինժեներական ծառայությունների արտահանման, համատեղ հետազոտական ծրագրերի մշակման և իրականացման ուղղություններով։ 

Կարևոր նպատակներից է լինելու սեյսմիկ անվտանգության ու սեյսմակայուն շինարարության ոլորտներում գիտելիքի և փորձի փոխանակումը, քաղաքային պլանավորման թվայնացման ոլորտում երկու երկրների համապատասխան հաստատությունների համագործակցությունը: 

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև Հայաստանի և Իրանի ոլորտային մասնագետների շահերը ներկայացնող կազմակերպությունների, բուհերի և հետազոտական կենտրոնների միջև համագործակցություն, ինչպես նաև մասնագիտական ցուցահանդեսների ու համաժողովների համատեղ կազմակերպում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում