Պուտինը և Մոդին քննարկել են Ալյասկայում տեղի ունեցած բանակցությունները
1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոդին գրառում է կատարել X միկրոբլոգում։
Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են Ռուսաստանի ղեկավարի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում տեղի ունեցած բանակցությունները։
«Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերոջը՝ նախագահ Պուտինին, իր հեռախոսազանգի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման վերաբերյալ մտքեր փոխանակելու համար։ Հնդկաստանը մշտապես Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել և աջակցում է այս հարցում բոլոր ջանքերին», - գրել է Մոդին՝ հավելելով, որ սպասում է առաջիկա օրերին Մոսկվայի հետ հետագա շփումներին:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Հնդկաստանն ակնկալում է, որ Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո ԱՄՆ-ն կհետաձգի կամ չեղյալ կհայտարարի Ռուսաստանից նավթի գնումների համար Նյու Դելիի նկատմամբ երկրորդային պատժամիջոցների կիրառումը: Բացի այդ, ըստ աղբյուրի, Հնդկաստանը հույս ունի, որ Ալյասկայի հանդիպման արդյունքները դրական ազդեցություն կունենան Նյու Դելիի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունների վրա: