Մակրոնը մտադիր է հանդիպել Զելենսկու հետ Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովից հետո
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Ալյասկայում ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ուկրաինական UNN պարբերականը։
Նշվում է, որ ըստ Ելիսեյան պալատի՝ նախքան Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին հանդիպումը Մակրոնը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են հանդիպել Ալյասկայի գագաթնաժողովից հետո։
Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում նշել են, որ հանդիպումը «տեղի կունենա այն պահին, երբ դա կլինի առավել օգտակար և արդյունավետ՝ Ալյասկայում կայանալիք հանդիպումից հետո և կախված ժամանակացույցից»: Մակրոնը և Զելենսկին «սերտ և մշտական երկխոսություն» են վարում, հավելել են Ելիսեյան պալատում:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմակայանում: Քննարկման առանցքում կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը: