Մերձավոր Արևելք

Իսրայելում հավանություն են տվել պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի կառուցմանը

2 րոպեի ընթերցում

Իսրայելում հավանություն են տվել պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի կառուցմանը

Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հավանություն է տվել Հորդանան գետի Արևմտյան ափին նոր իսրայելական բնակավայրերի կառուցմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

«Ֆինանսների նախարարը հայտարարել է Մաալե Ադումիմի մերձակայքում 3401 և հարևան շրջանում ևս 3515 նոր բնակարան կառուցելու մասին՝ վերսկսելով երկար ժամանակ արգելափակված E1 նախագիծը, որը քննադատները դիտարկում են որպես ռազմավարական արգելք ապագա պաղեստինյան պետության ստեղծման համար», - նշում է Ynet պորտալը։

Հրապարակման մեջ ասվում է, որ «այս քայլն ազդարարում է Արևմտյան ափին Իսրայելի փաստացի ինքնիշխանության ձգտելու մասին»։

E1 նախագիծը շուրջ 12 քառակուսի կիլոմետր տարածք է, որն ընկած է Երուսաղեմի արևելյան մասի և Հորդանան գետի Արևմտյան ափի արաբական Էլ Էզարիա քաղաքի միջև։

Նախագծի նպատակը բնակավայրի կառուցումն է, որը կմիացնի իսրայելական Մաալե Ադումիմի և Երուսաղեմ բնակավայրերը՝ այդպիսով ընդլայնելով Իսրայելի տարածքը Արևելյան Երուսաղեմի շուրջ։

Միջազգային հանրությունը նախագիծը խոչընդոտ է համարում խաղաղության գործընթացի և պաղեստինյան պետության ստեղծման ճանապարհին։

E1 նախագիծը փաստացի սառեցված էր 2010-ական թվականների սկզբից։ 2010 թ. Իսրայելը հայտարարել էր այդ շրջանում շինարարական պլանների մասին, ինչը լուրջ միջազգային արձագանք էր առաջացրել, որի հետևանքով շինարարությունը կասեցվել էր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում