Մարզեր

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը Սևան համայնքում այցելել են մի շարք ճանապարհաշինական տեղամասեր

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը Սևան համայնքում այցելել են մի շարք ճանապարհաշինական տեղամասեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սևան համայնքում ճանապարհաշինական աշխատանքների մշտադիտարկում են իրականացրել մի շարք  տեղամասերում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, այցի առաջին կանգառը Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Մ-4   51-64 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինհրապարակում էր, որտեղ միջին նորոգման աշխատանքներ են ընթանում  հուլիսից։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 681 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Իրականացվում է գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում, որոշակի հատվածներում տեղադրվում է հարթեցնող շերտ, ողջ երկայնքով՝ 5 սմ հաստության ասֆալտբետոնե վերին շերտ։

Արդեն ֆրեզվել է շուրջ 10 կմ ճանապարհահատված, շուրջ 8,5 կմ երկարությամբ էլ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկույթի վերին շերտ։ Ճանապարհահատվածը միջին նորոգման է ենթարկվելու 146 հազար քմ մակերեսով։  

Աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբեր, որից հետո կիրականացվի նաև գծանշում։     

Այցի երկրորդ կանգառը Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ճանապարհի շինհրապարակում էր, որտեղ ընթանում են  հիմնանորոգման աշխատանքները։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 622 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետական բյուջեի միջոցներից։ 

Ծրագրով նախատեսվում է ճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգում՝ 17 կմ երկարությամբ ու շուրջ 110 հազար քմ մակերեսով, ջրահեռացման համակարգի տեղադրմամբ, բնակավայրերում՝ մայթերի կառուցմամբ։ Հիմնանորոգվող ավտոճանապարհի շուրջ 8 կմ-ն անցնում է Ծաղկունք, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերով՝ Սևանի տարածարջանը կապելով Հրազդանի հետ։ 

Արդեն շուրջ 14,5 կմ երկարությամբ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը, ևս 3 կմ երկարությամբ՝ վերին շերտը, բնակավայրերում ավարտվել են մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները։ Շինարարական աշխատանքները կավարտվեն  նոյեմբերին, որից հետո իրականացվի նաև ճանապարհի կահավորում և գծանշում։ 

Այցի երրորդ կանգառը Մ-10 Սևան-Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 2-5 կլիոմետրանոց ճանապարհահատվածում էր, որտեղ միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել  2025 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում՝  2,5 կմ երկարությամբ և 18 հազար 108 քմ մակերեսով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն 500 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Կապալառու կազմակերպության կողմից կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, տեղադրվել է հարթեցնող շերտ և ասֆալբետոնե ծածկի վերին շերտ, կատարվել է կողնակների հարթեցում, ուղղորդիչ սյուների տեղադրում։

Աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում