Կրթություն

Ավելի քան 500 ուսուցիչ տարակարգ է ստացել նոր կարգով. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

2 րոպեի ընթերցում

Ավելի քան 500 ուսուցիչ  տարակարգ է ստացել նոր կարգով. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հայաստանում ներդրված նոր կարգով տարակարգ է ստացել ավելի քան  500 ուսուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն՝ ընդգծելով, որ տարակարգ ստանալու համար մեծ թվով դիմումներ են ստանում:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առավել շատ դիմում են 3-րդ և 4-րդ տարակարգերի համար, թեև այստեղ ավելի բարդ է ստանալ տարակարգը, քան 1-ին և 2-րդ կարգերում»,- ասաց նախարարի տեղակալը:

Նա նշեց, որ տարակարգի հետ կապված շրջանառվում են նաև իրավական նոր կարգավորումները, որոնք առաջիկայում կհաստատվեն: Սվաջյանն ընդգծեց, որ երբեմն տարընկալում էր առաջացնում այն, որ 3-րդ և 4-րդ մակարդակներում տարակարգի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում մասնագիտական զարգացմանը վերաբերող դասընթացների մասնակցության վկայական ներկայացնելու պահանջ կար:

«Կոնկրետ առանձնացրել ենք, որ դրանք պետք է լինեն ոչ հերթական ատեստավորման շրջանակում վերապատրաստումների ցանկից, որովհետև հերթական ատեստավորման շրջանակում վերապատրաստումները պարտադիր են, իսկ հատկապես 3-րդ և 4-րդ մակարդակներում տարակարգի դիմող ուսուցիչներն այն ուսուցիչներն են, որոնք լրացուցիչ աշխատանք են իրականացնում իրենց մասնագիտական զարգացման ուղղությամբ, հետևաբար, այստեղ իրենց լրացուցիչ աշխատանքի մասին վկայող փաստաթղթի անհրաժեշտություն կա»,- ասաց նախարարի տեղակալը:

Սվաջյանը նշեց նաև, որ արդեն ավանդույթ են դարձրել ամսվա և տարվա լավագույն ուսուցիչներին պարգևատրելու արարողակարգը՝ շնորհակալություն հայտնելու նրանց կատարած աշխատանքի համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում