Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ի վերացումը մնում է Իսրայելի ամենակարևոր նպատակը. Նեթանյահու

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ի վերացումը մնում է Իսրայելի ամենակարևոր նպատակը. Նեթանյահու

Իսրայելը չի դադարեցնի մարտական գործողությունները պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ մինչև դրա լիովին ոչնչացումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքը և ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին», - ասել է նա արտասահմանյան ԶԼՄ-ների համար հրավիրված մամուլի ասուլիսում։

Վարչապետը հավելել է. «Հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու մերժումը, Իսրայելին այլընտրանք չի մնում, քան ավարտել սկսածը և վերջապես ջախջախել ՀԱՄԱՍ-ին»։

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցուցում է ստացել «վերացնել ՀԱՄԱՍ-ի մնացած երկու հենակետերը Գազա քաղաքում և Գազայի հատվածի կենտրոնական շրջաններում»։

Նրա խոսքով՝ ԻՊԲ-ն ձեռնամուխ կլինի այդ պլանի իրականացմանը՝ քաղաքացիական բնակչությանը հնարավորություն տալով անվտանգ լքել մարտական գործողությունների շրջանները և մնալ հատուկ հատկացված անվտանգ գոտիներում։

Իսրայելական ԶԼՄ-ների համար կազմակերպված առանձին մամուլի ասուլիսում Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը գործարքի կնքման համար «առաջարկել է անիրագործելի պայմաններ ոչ միայն մեր տեսանկյունից, այլև Միացյալ Նահանգների տեսանկյունից»։

Նա անընդունելի է համարել պաղեստինյան արմատականների պահանջները Գազայի հատվածից իսրայելական զորքերի լիակատար դուրսբերման, ինչպես նաև այն պարտադիր միջազգային երաշխիքների վերաբերյալ, որոնք կխանգարեին մարտական գործողությունների վերսկսմանը։

«Սրանք կապիտուլյացիայի պայմաններ են, որոնք ոչ մի պատասխանատու կառավարություն չի համաձայնի ընդունել, և, իհարկե, ես դրանք չեմ ընդունի», - ընդգծել է Իսրայելի վարչապետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում