Քաղաքականություն

Խաղաղությունն այլևս իրականություն է․ ԱԽ քարտուղար

3 րոպեի ընթերցում

Խաղաղությունն այլևս իրականություն  է․ ԱԽ քարտուղար

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի անվտանգության առաջնահերթ բաղադրիչը համարում է խաղաղությունը, իսկ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումներն ու ստորագրված փաստաթղթերը փաստում են՝  խաղաղությունն այլևս իրականություն է, ու «հաստատվել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի իրականություն դառնալու իրողությունը»։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը մեծապես կարևորում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։  

«Միանշանակ է, որ խաղաղությունը նպաստելու է տարածաշրջանում նաև տնտեսական պոտենցիալի բացահայտմանը, որովհետև ապաշրջափակումը, որը պետք է տեղի ունենա Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա, միանշանակ նոր հնարավորություն է ստեղծելու Հայաստանի և տարածաշրջանի զարգացման համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը դրական է ազդելու նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա։ Միանշանակ է նաև, որ մենք շարունակելու ենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ, որպեսզի գտնենք լուծումներ գոյություն ունեցող խնդիրների շուրջ։ Հուսով ենք, որ հնարավոր կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև բոլոր նախնական պայմանավորվածությունները, որոնք կային, իրագործենք և փորձենք առաջ շարժվել»,- նշեց Գրիգորյանը։

Նրա համոզմամբ՝ սա մեծ հաղթանակ է և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական, և՛ խաղաղության առումներով։ Չկա մի բաղադրիչ, որով վաշինգտոնյան համաձայնագրերը, ստորագրված փաստաթղթերը բացասական երանգ ունենան։ 

«Ընդհանուր առմամբ՝ բացվել է մեծ պոտենցիալ։ Բացի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, կա նաև մեծ պոտենցիալ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների զարգացման, մասնավորապես տնտեսական կապերի համար։ Բոլոր այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, նոր հնարավորություններ են բացում այս հարաբերությունները զարգացնելու համար։ Առաջնորդները հրապարակային խոսքում վերահաստատել են, որ ռիսկեր գրեթե չկան, և կարծում եմ, որ դրանք հնարավորինս մինիմալ են, որովհետև առաջնորդների մակարդակով հաստատվել է, որ բոլոր պայմանավորվածություններն իրագործելու կամք և նպատակ կա։ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են իրագործելու դրական նպատակներով օրակարգ»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում