Միացյալ Նահանգներ

Մխիթար Հայրապետյանը հանդիպում և քննարկումներ է ունեցել մի խումբ ամերիկացի գործընկերների հետ

2 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը հանդիպում և քննարկումներ է ունեցել մի խումբ ամերիկացի գործընկերների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Սպիտակ տանը հանդիպել է մի խումբ ամերիկացի գործընկերների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ մանրամասնելով, որ հանդիպել է Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսի, Արհեստական բանականության հարցերով Սպիտակ տան ավագ խորհրդական Սրիրամ Կրիշնանի, ԱԲ և տեխնոլոգիաների հարցերով OSTP ավագ խորհրդական Դին Բոլլը՝ի և ԱՄՆ Պետական դեպարտամենտի Քաղաքական պլանավորման բաժնի ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասի հետ։ 

«Հանդիպման ընթացքում Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։ Ես, իմ հերթին, ներկայացրել եմ Հայաստանի ծրագրերն ու առաջնահերթությունները կիսահաղորդիչների նախագծման, արհեստական բանականության և գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ, ներառյալ պետական զարգացման ծրագրերը, ԱԲ վիրտուալ ինստիտուտի ստեղծումը, ինչպես նաև պետական աջակցության ձևաչափը NVIDIA-ի հետ համագործակցությամբ FirebirdAI ընկերության կողմից Հայաստանում մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրի շրջանակում, որը, ի դեպ, արդեն իսկ դիմել է ԱԲ տվյալային կենտրոնի համար նախատեսված համապատասխան ենթակառուցվածքի համար արտահանման թույլտվություն ստանալու համար»,-նշել է Հայրապետյանը՝ հավելելով, որ առաջարկել է նաև դիտարկել նման դեպքերի պարագայում արտահանման թույլտվությունների դյուրացման մեխանիզմ ներդնելու հնարավորությունը, որն առաջիկայում կքննարկվի երկկողմ ձևաչափով։

Վերոնշյալ հարցերին զուգահեռ անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան նոր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների և ծառայությունների մուտքը Հայաստան հնարավոր դարձնելու վերաբերյալ հարցերի։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում